Associated Press-ն իր թղթակցին աշխատանքից հեռացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում ի պաշտպանություն Պաղեստինի հանդես գալու համար

15:49 • 31.05.21

Ամերիկյան Associated Press գործակալությունը «հաջակցություն Պաղեստինի հանդես գալու, հակամարտության կողմերի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի համար» աշխատանքից հեռացրել է լրագրող Էմիլի Ուայլդերին, հաղորդում է CNN-ը՝  վկայակոչելով գործակալության գլխավոր խմբագիր Բրայան Կարովիլանոյին:

«Էմիլի Ուայլդերին հեռացրել են աշխատանքից, քանի որ նա սոցիալական ցանցերում ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է դրսևորել հակամարտության կողմերից մեկի նկատմամբ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ լրագրողի թվիթերյան գրառումները կարող էին տպավորություն ստեղծել, թե գործակալությունը պաշտպանում է հակամարտության կողմերից մեկին, ինչը վտանգի կենթարկեր մարտական գործողությունների գոտում ռեպորտաժներ վարող այլ լրագրողների կյանքը։

«Զոհասեղանին մեր լրագրողների և գործակալության կյանքն էր։ Մեր հեղինակությունը մշտապես վտանգված է և դա պաշտպանելու համար սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու կանոններ գոյություն ունեն»,- հավելել է Կարովիլանոն։

Նշենք, որ լրագրողն աշխատանքից հեռացվել է աշխատանքի ընդունվելուց 2 շաբաթ հետո։

Ուայլդերը, իր հերթին, սոցցանցերում ներկայացրել է իրադարձությունների իր տարբերակը։  Նա պնդել է, որ հանրապետականների կողմնակիցները, օգտագործելով իր ակտիվիստական գործունեությունը,  իրեն վարկաբեկելու նպատակով քարոզարշավ են սկսել։

Associated Press-ն իր թղթակցին աշխատանքից հեռացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում ի պաշտպանություն Պաղեստինի հանդես գալու համար