Որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից․ Լիլիթ Մակունցը՝ դիտորդների տեղակայման մասին
Սոթք-Խոզնավար հատվածքում դիտորդներ տեղակայելու առաջարկին եղել է ԵԱՀԿ համանախագահության արձագանքը, ԱՄՆ-ի կողմից, Կանադայից, Լիտվայից։ Մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ հանրային արձագանք առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից եղել է, ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արձագանքը նաև որոշակի չափով պատրաստակամություն էր ենթադրում դիտորդներ տեղակայելու»,-նշեց նա։
Մակունցի խոսքով՝ Փաշինյանը վերջին երկու օրերի ընթացքում արդեն նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է սկսել խոսել մնացյալ քայլերի վերաբերյալ, սակայն Ադրբեջանի զորքերի՝ ՀՀ տարածքից հեռանալուց հետո․
«Որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից․ կլինեն, երբ Ադրբեջանն արձագանքի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերներին այդ առաջարկն ընդունելու վերաբերյալ և հայելանման կերպով հետ քաշի զինված ուժերը ՀՀ տարածքից»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, Մակունցը հայտարարեց, որ Փաշինյանը նշել է՝ խոսք եղել է բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, ոչ թե միջանցքի։
ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմ,ումին էլ անդրադարձավ իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ նշելով․
«Բազմիցս արդեն խոսվել է թե՛ վարչապետի, թե՛ խորհրդարանական մեծամասնության կողմից, որ մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները, որ առաջացած խնդիրը կարգավորենք, և ՀԱՊԿ-ը ևս ունի իր կառուցակարգերը, որոշակի ժամկետները։ Բնականաբար, տեմպի առումով մենք կցանկանանք, որ ավելի արագ տեղի ունենա, սակայն, մյուս կողմից, դա մեզ նաև չի դնում այնպիսի վիճակի մեջ, որ դադարենք ինչ-որ գործողություններ անել»,-ասաց նա։
Իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ, անդրադառնալով հարցին, թե դիտորդների տեղակայման առաջարկը որքան ժամանակ է դեռ ուժի մեջ լինելու, եթե գործուն քայլեր չլինեն, ասաց․
«Այդ գործընթացը զուտ մեխանիկական գործընթաց չէ, որևէ առարկա որևէ տեղից վերցնել, տեղափոխելու խնդիր չէ, արդեն Ադրբեջանի դաշտում է, որոշողն իրենք են․ մեր դիրքորոշումը հստակ է՝ այս գործընթացը պետք է բացառապես այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ տարածքից։ Սահմանների դելմիտացիա և դեմարկացիա պետք է տեղի ունենա, բայց այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ, քանի դեռ ադրբեջանական զինված ստորաբաժանումները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե Արա Այվազյանը ԱԽ նիստից հետո հրաժարական է ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնից, արդյոք դա առնչություն ունի դիտորդների տեղակայման առաջարկի հետ, Մակունցն ասաց․ «ԱԽ նիստից առաջ վարչապետը Արա Այվազյանին տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին, որի վերաբերյալ նրա կողմից առնվազն առարկություն չի հնչել։ Մնացյալ դրդապատճառների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ»։










