Թուրքիայում վիրաբույժն իր վիրաբուժական մկրատը մոռացել է հիվանդի որովայնում․ այն հեռացվել է 2 ամիս անց (լուսանկարներ)
Թուրքիայում որովայնի ձգման վիրահատության (աբդոմինոպլաստիկա, կատարվում է ավելորդ ճարպը հեռացնելու նպատակով- խմբ․) ժամանակ վիրաբույժն իր վիրաբուժական մկրատը մոռացել է հիվանդի որովայնում, հաղորդում է Mirror-ը։
Ինչպես նշում է պարբերականը, 61-ամյա Նուրջիան Օգմենը մարտի 5-ին ավելի քան 5 ժամ տևած վիրահատությունից հետո հիվանդանոցից դուրս է գրվել հաջորդ օրը, սակայն ավելի ուշ ուժեղ ցավերի և որովայի շրջանում ուռուցքաձև գոյացության պատճառով կրկին դիմել է վիրաբույժին, որը պնդել է՝ «հետվիրահատական շրջանում ցավերը բնական են և որոշ ժամանակ հետո կանցնեն»։
Ըստ հաղորդման՝ 2 ամիսների ընթացքում ցավերն ավելի սաստիկ են դարձել ու կինը դիմել է մեկ այլ հիվանդանոց, որտեղ ռենտգեն ախտորոշումը ցույց է տվել նրա որովայնում մնացած վիրաբուժական մկրատը։
«Ամեն անգամ, երբ նրա մոտ էի գնում, չէր ցանկանում ինձ լսել»,- տեղական լրատվամիջոցին ասել է կինը, որի որովայնում մնացած մկրատը հեռացվել է 2 ժամ տևած վիրահատության ժամանակ։
Ընդ որում, նշվում է, որ կինը վիրաբույժի և իր վիրահատությանը մասնակից բուժաշխատողների դեմ հայց է ներկայացրել։













