Լրտեսական սկանդալ. ԱՄՆ-ն Դանիայի օգնությամբ լրտեսել է եվրոպացի գործիչներին․ լրատվամիջոցներ

11:58 • 31.05.21

Դանիայի գաղտնի ծառայությունը 2012-2014 թվականներին օգնել է Միացյալ Նահանգներին լրտեսել եվրոպացի քաղաքական գործիչներին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հայտնում է BBC լրատվականը՝ հղում տալով դանիական լրատվամիջոցներին։

Դանիական Danmarks Radio լրատվականի հրապարակած զեկույցի համաձայն՝ Դանիայի ռազմական հետախուզական ծառայությունը (FE) համագործակցել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության (NSA) հետ՝ տեղեկատվություն հավաքելու նպատակով։

Ըստ զեկույցի՝ տվյալներ են հավաքվել Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Նորվեգիայի պաշտոնյաների վերաբերյալ։

Նմանատիպ մեղադրանքներ ի հայտ են եկել 2013 թվականին, որն ԱՄՆ-ի կողմից չի հերքվել։ Սպիտակ տունը միայն նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը չի գաղտնալսվել և չի լինի նման բան, քանի որ Գերմանիան ԱՄՆ-ի սերտ դաշնակիցն է։

Նոր հրապարակված զեկույցի համաձայն՝ ենթադրվում է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը կարողացել է հասանելիություն ունենալ եվրոպացի մի շարք պաշտոնյաների տեքստային հաղորդագրություններին և զանգերին՝ Դանիայի ռազմական հետախուզական ծառայության հետ համագործակցության շրջանակում օգտվելով դանիական ինտերնետային մալուխներից։

Ենթադրյալ գործողությունն անվանվել է «Դանհամմերի գործողություն»։ Danmarks Radio-ի եթերում հրապարակված զեկույցը հիմնված է 9 տարբեր աղբյուրների հետ հարցազրույցների վրա։ Ո՛չ ամերիկյան, ո՛չ դանիական ծառայությունները չեն մեկնաբանել զեկույցը։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մեղադրել է երկրի նախագահ Ջո Բայդենին, որը ժամանակին զբաղեցրել է Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնը, սկանդալի մեջ հայտնվելու համար։

Լրտեսական սկանդալ. ԱՄՆ-ն Դանիայի օգնությամբ լրտեսել է եվրոպացի գործիչներին․ լրատվամիջոցներ