Կիմ Չեն Ընը 24 օր է՝ հանրության առաջ չի հայտնվել. լրատվամիջոցներ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընը 24 օր է՝ հանրության առաջ չի հայտնվել․ նրան վերջին անգամ տեսել են մայիսի 7-ին, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցչի՝ Սեուլում կայացած ճեպազրույցի ընթացքում արված հայտարարությանը։
Երկրի ղեկավարը վերջին անգամ մասնակցել է մայիսի 7-ին Փհենյանում կայացած համերգին, և սա Կիմ Չեն Ընի այս տարվա բացակայություններից ամենաերկարատևն է։ «Սա Կիմ Չեն Ընի այս տարվա ամենաերկար բացակայությունն է», - ասել է հարավկորեացի պաշտոնյան, որը վերահսկում է Հյուիսային Կորեայի հետ հարաբերությունները, և հավելել, որ այս փուլում որևէ գնահատական տալն անտեղին կլինի։
Հայտնի է, որ Կիմ Չեն Ընը մայիսի 28-ին նամակ է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ շնորհավորելով երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընն իշխանության է եկել 2011 թվականին՝ հոր մահվանից հետո։










