Նիգերիայում զինված անձինք հարձակվել են գիշերօթիկ դպրոցի վրա և առևանգել 200 երեխայի

10:18 • 31.05.21

Զինված անձանց խումբը հարձակվել է Նիգերիայի Նիգեր նահանգի Թեգինա քաղաքում գտնվող գիշերօթիկ դպրոցի վրա և առևանգել 200 աշակերտի, գրում է տեղական Vanguard թերթը:

Տեղի բնակիչները լրագրողներին պատմել են, որ կեսօրին զինյալները ներխուժել են դպրոցի տարածք, երեխաներին առևանգել ու փախել: Նրանց տեղեկություններով՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Նիգեր նահանգի պաշտոնյաներից մեկը թերթի հետ զրույցում հաստատել է դպրոցի վրա հարձակումը և աշակերտների առևանգումը, սակայն հրաժարվել է նշել առևանգված դպրոցականների թիվը:

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին Նիգերիայում ավելի հաճախակի են դարձել հարձակումները համալսարանների և դպրոցների վրա՝ հետագայում փրկագին պահանջելու նպատակով:

Կառավարության տվյալների համաձայն՝ այս տարվա սկզբից ավելի քան 700 աշակերտ և ուսանող է առևանգվել երկրի տարբեր շրջանների դպրոցներից ու համալսարաններից: Տեղական իշխանությունների կարգադրությամբ Նիգերիայի հյուսիսում մարտից փակվել է ավելի քան 600 դպրոց:
Դրանցում սովորող անձինք տեղափոխվել են նահանգների ավելի ապահով շրջաններում գտնվող այլ ուսումնական հաստատություններ:

Միևնույն ժամանակ, գործող դպրոցներում և համալսարաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

Նիգերիայում զինված անձինք հարձակվել են գիշերօթիկ դպրոցի վրա և առևանգել 200 երեխայի