Ավստրալիայում պիթոնն անսպասելիորեն խայթել է օձ բռնողին, որը յութուբյան ալիքի համար տեսանյութ էր նկարում (տեսանյութ)

13:17 • 31.05.21

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Մորթոն-Բեյ բնակավայրում շեղանկյունավոր պիթոնը խայթել է իրեն բռնելու եկած մասնագետին: Ինչպես ներկայացնում է Tag 24 պորտալը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ին, երբ տեղի բնակչուհիներից մեկն իր տան այգում հսկայական պիթոնի է նկատել և կանչել է օձ բռնող Ջոշ Քասլին:

Վերջինս ժամանելուն պես անցել է գործի, իսկ նրա գործողությունները տեսագրել է իր հետ աշխատող օպերատորը: Ավստրալացի մասնագետն օձին հեշտությամբ հայտնաբերել և դուրս է բերել թփերից: Այնուհետև երիտասարդն օձին դրել է ուսերին և անցել տան բակով: Վերջինս չի շտապել սողունին տեղավորել համապատասխան տարայում, փոխարենը որոշել է օձի հետ տեսանյութ նկարել իր յութուբյան ալիքի համար:

Պիթոնն սկսել է փաթաթվել ավստրալացու պարանոցի շուրջն ու անսպասելիորեն հարձակվել է տղամարդու վրա` խայթելով քունքի հատվածից: Քասլն սկսել է արագորեն հանել օձին պարանոցից, սակայն չի շփոթվել և փորձել է պահպանել հանգստությունը:

Նշվում է, որ դրանից հետո նա հսկա սողունին տեղավորել է մեքենայում և հեռացել: Այնուհետև պիթոնին բաց են թողել անվտանգ վայրում:

Ավստրալիայում պիթոնն անսպասելիորեն խայթել է օձ բռնողին, որը յութուբյան ալիքի համար տեսանյութ էր նկարում (տեսանյութ)