Բարձունքը չկա, տղերքը՝ նույնպես․ զինվորների հիշատակը հավերժացնող հուշակոթող է կանգնեցվել Էրեբունիում (տեսանյութ)

17:40 • 31.05.21

Ամիսներ առաջ այս փոքրիկ բակում դեռ քայլում, ժպտում ու կատակում էին Սարիբեկը, Հովհաննեսը, Դավիթը, Արմենը, Աբգարը, Արթուրը և Կարենը: Այսօր նրանք չկան, իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հանուն այն ժպիտների ու խաղաղության, որ կրկին կա այս բակում: Թաղամասը Արեշն է, հին լեզվով ասած,  Անտառը: Պատերազմի օրերին այս բակից միայն 7 հայորդի զոհվեց: Այսօր արդեն կանգնեցվել է նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողը և ցայտաղբյուրը:

Մեկ ամիս առաջ ծնողները, հարևանները, բարեկամները նախաձեռնեցին պուրակի գաղափարն ու իրականացրին այն: Ծանոթ-անծանոթ հավաքվեցին, օժանդակեցին ու կառուցեցին: Տղերքի հիշատակը պիտի վառ մնա: 

Հերոսը հարգված է, եթե ոչ պետական մակարդակով, ապա վաղը հաստատ կլինի դա, վստահ է Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարյանը: Նրա հիմնած  նախաձեռնությունը՝ «Ճշմարտություն սերունդների համար», հենց այդ նպատակն էր հետապնդում: Հերոսացած տղաների ծնողները պիտի կողք կողքի կանգնած լինեն:

Բակում տղաների փոխարեն այսուհետև կլինի նրանց հավերժացնող հուշակոթողը: Նրանց ճանաչողների աչքերը դեռ շարունակում են թաց մնալ, իսկ երեխաները  նրանց մասին շշուկով են խոսում: Բարձունքը չկա, տղերքը՝ նույնպես:

Մանրամասները՝ տեսանյութում։  

Բարձունքը չկա, տղերքը՝ նույնպես․ զինվորների հիշատակը հավերժացնող հուշակոթող է կանգնեցվել Էրեբունիում (տեսանյութ)