Անահիտ Ավանեսյանը դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից:
Այս կապակցությամբ նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, որ իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պատշաճ պահպանման պայմանների հարցում:
«Հարգելի հայրենակիցներ,
երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:
Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:
Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:
Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:
Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»,- գրել է նախարարի պաշտոնակատարը:










