Իսպանիայում արջը հոշոտել է 75-ամյա թոշակառուին
Իսպանիայի հյուսիսում գտնվող Աստուրիա ինքնավար շրջանում արջը հարձակվել է թոշակառուի վրա, ճանկռել է նրա դեմքը և քաշել ոտքերից, գրում է Mirror-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, կիրակի երեկոյան 75-ամյա կինն ու նրա ընկերները ընթրիքից հետո որոշել են զբոսնել Կանգաս դել Նարսեա մունիցիպալիտետում։ Սակայն թոշակառուն հետ է մնացել իր ընկերներից, այդ ժամանակ էլ արջը հարձակվել է նրա վրա և նախքան կնոջ ընկերներն օգնության կհասնեին՝ արջը հոշոտել է նրան և ճանկռել դեմքը։
Ավելի ուշ թոշակառուն դեմքի և կոնքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։
Նշվում է, որ վերջին տարիներին Իսպանիայում հաճախակիացել են արջերի հարձակումները․ երկրում արջերի թիվն ավելի քան 300 է։












