Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտումը աճել է, կոռուպցիոն բնույթով հանցագործություններինը՝ նվազել, պաշտոնական դիրքի չարաշահումը՝ աճել. Արա Ֆիդանյան

15:40 • 01.06.21

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտումը 12,7 տոկոսով աճել է, թմրանյութերի մաքսանենգությունը՝ 36,2 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» ոստիկանության տարեկան հաշվետվությունը:

«Դրանք խոսում են դրական աշխատանքի մասին»,-ասաց նա: Չնայած դրան՝ փոխոստիկանապետը նշեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններում ունենք նվազում, սակայն պաշտոնական լիազորություների չարաշահումների դեպքերը աճել են 25 տոկոսով:

«Հասարակության մեջ այնպիսի տպավորություն է, որ ոստիկանությունը գերուռճացված աշխատավարձեր է ստանում, սակայն միջինը 40 հազար դրամով է բարձրացել վերջին տարիներին»,-ասաց նա:

Արա Ֆիդանյանը նշեց, որ ոստիկանության ընթացիկ ծախսերը 2020-ին 2019-ի համեմատ նվազել են 2 մլրդ դրամով: «Հաշվետու տարվա բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 65 մլրդ դրամ՝ 2019-ի 68,7 մլրդ դրամի դիմաց, այսինքն՝ 3,7 մլրդ դրամով կամ 5,4 տոկոսով պակաս: Ըստ այդմ՝ ընթացիկ ծախսերը նվազել են 2 մլրդ դրամի չափով կամ 3 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված ՊՊԳՎ վերակազմավորման գործընթացի շրջանակում մի շարք կայուն պահակակետերով պահպանվող օբյեկտների պետական պահպանությունը դադարեցնելու և դրանց պահպանությունը մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից իրականացվելու հանգամանքով»,-ասաց նա:

Նա նշեց, որ կապիտալ ծախսերը նվազել են 1,7 մլրդ դրամ չափով՝ պայմանավորված Ոստիկանության ընդհանուր հատկացումերը կրճատելու հանգամանքով: «Ծախսվել է 63.8 մլրդ դրամ՝ ապահովելով 98.2 տոկոս կատարողական: Ընթացիկ ծախսերի մասնաբաժինը կազմել է 63.4 մլրդ դրամ՝ ամբողջի 99.4 տոկոսը: Ընթացիկ ծախսերի 76.7 տոկոսը՝ 48.5 մլրդ դրամ գումարով, աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցներն են: Ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին ամսական աշխատավարձը՝ ներառյալ պարգևատրումները կազմել են 281 հազար դրամ»,-ասաց նա: 

 

 

 

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտումը աճել է, կոռուպցիոն բնույթով հանցագործություններինը՝ նվազել, պաշտոնական դիրքի չարաշահումը՝ աճել. Արա Ֆիդանյան