Նման դեպքերի աճ կանխատեսել ենք՝ հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը. փոխոստիկանապետը՝ երեկ Երևան-Էջմիածին կամրջի մոտ տեղի ունեցած սպանության վերաբերյալ
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը անդրադարձել է երեկ Երևան-Էջմիածին կամրջի մոտ տեղի ունեցած սպանությանը և նշել՝ ոստիկանությունը իրականացնում է նման դեպքերը կանխելու միջոցառումներ:
«Ոստիկանությունը, բացի իր բուն գործառույթներից, ուրիշ աշխատանքով տարված չէ: Քրեաբանական առումով այսօրվա ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ, նման դեպքերի աճ մենք կանխատեսել ենք՝ հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության ծավալները»,-ասել է Ֆիդանյանը:
Փոխոստիկանապետը անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովմանը. «Մեր հիմնական գործառույթներից մեկը հասարակական կարգի և անվտանգության ապահովումն է, եթե առկա են որոշակի հանգամանքներ, որտեղ հնարավոր են հասարակական կարգի անվտանգության դեմ ուղղված ոտնձգություններ, ոստիկանությունը մշտապես այնտեղ է»:
Ֆիդանյանը նաև ընդգծել է՝ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլի ագրեսիվ հայտարարությունները քաղաքական ուժերի կողմից գտնվում են ոստիկանության ուումնասիրությունների շրջանակում, նաև անդրադարձ է կատարել ընտրակաշառքներին:
«Կոնկրետ ընտրակաշառքների հետ կապված այս պահի դրությամբ որևէ դեպք չի արձանագրվել, նշեմ, որ 27 նյութեր են նախապատրաստվում, ուսումնասիրություններ են կատարվում, խոսքը գնում է նախընտրական փուլի հանցագործությունների մասին, այդ թվում՝ 14-ը կապված գույքի վնասման հետ, այդ 14-ից 12-ը կոնկրետ անձին պատկանող պաստառներ էին, որոնցից 5-ը արդեն իսկ բացահայտվել են, խոսքը ՀՀ երկրորդ նախագահի մասին է»,- ասել է Արա Ֆիդանյանը:










