Բիշքեկում անհետացել է թուրքական գյուլենական «Սեբաթ» դպրոցների ցանցի նախագահը
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հունիսի 1-ին անհետացել է թուրքական կրթական հաստատությունների «Սեբաթ» ցանցի նախագահ Օրհան Ինանդըն, որը նաև ցանցի հիմնադիրներից մեկն է: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը:
Նրա որդու՝ Յուսուֆ Քոսեի խոսքով՝ վերջին անգամ իր հայրը հեռախոսով կապ է հաստատել մայիսի 31-ի երեկոյան: Ըստ Vesti.kg-ի, ոստիկանությունն ուղեցույցներ է ուղարկել բոլոր մարզեր, և սկսվել են նախադատական վարույթներ:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովն արձագանքել է Ինանդըի անհետացմանը՝ Ազգային անվտանգության պետական կոմիտեին և ՆԳՆ-ին հանձնարարելով անհայտ կորածի որոնման գործում լրացուցիչ ուժեր ներգրավել: «Սեբաթ»-ի հիմնադրի փաստաբանի խոսքով ՝ Օրհան Ինանդըին բռնի կերպով ինչ-որ տեղ պահում են, բայց նա ողջ է:
Ծնունդով Թուրքիայից Օրհան Ինանդըն Ղրղզստանի քաղաքացի է: Նա մեկն է «Սեբաթ» ցանցի 4 հիմնադիրներից, որը հիմնադրել է թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը բուն Թուրքիայում ճանաչվել է որպես ահաբեկիչ: 2016 թվականին, երբ Գյուլենը մեղադրվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստանի իշխանություններին կոչ էր արել փակել այս ուսումնական հաստատությունները: Ղրղզստանի այն ժամանակվա նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ դպրոցները չեն փակվի, բայց դրանցում կխստացնեն վերահսկողությունը:










