Իսրայելում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները չեղարկվել են՝ բացառությամբ փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի
Իսրայելում կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները չեղարկվել են, բացառությամբ փակ տարածքներում պաշտպանիչ դիմակ կրելու պայմանի, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով իսրայելական Kan ռադիոյին:
Հաղորդվում է, որ երկրի բնակչության 55 տոկոսն արդեն իսկ պատվաստվել է վարակի դեմ։
«2021 թվականի հունիսի 1-ին սահմափակումների ժամկետի ավարտից հետո դրանց ժամկետը չի երկարաձգվել՝ բացառությամբ փակ տարածքներում պաշտպանիչ դիմակ կրելու պայմանի։ Այս պահանջն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այլ որոշում չի կայացվել», - ասել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի խոսնակը։
Հունիսի 1-ից հանրային միջոցառումների և հասարակական վայրեր այցելելիս քաղաքացիները պատվաստումը վկայող փաստաթւղթ ներկայացնելու կարիք այլևս չեն ունենա։
Հիշեցնենք, որ Իսրայելում պատվաստումների արշավը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերին, և մինչ այժմ պատվաստվել է բնակչության 55 տոկոսը՝ ավելի քան 5 միլիոն մարդ։










