ՌԴ Դաշնային խորհրդի անդամը Կիևն անվանել է «ռուսական քաղաք»

10:28 • 01.06.21

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովն արձագանքել է Կիևում կախված և Մոսկվայի հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառներին, որոնք ցույց է տվել ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: Ի պատասխան` Պուշկովն իր թելեգրամյան ալիքում Կիևն անվանել է «ռուսական քաղաք»:

«Կարգավիճակով Գերագույն ռադայի պատգամավոր և կոչումով ծաղրածու Գոնչարենկոն Կիևի օրվա կապակցությամբ պաստառներ է կախել քաղաքում, որոնք նախատեսված են Մոսկվային վիրավորելու և Ուկրաինային վսեմացնելու համար: Օրինակ՝ «Կիևում արդեն գրադարան կար, երբ դոդոշները կռկռում էին Մոսկվայում»: Կիևն իսկապես ավելի հին է, քան Մոսկվան, բայց դրանով կարող են պարծենալ միայն Գոնչարենկոն և նրա նմանները:

Մոսկվան, օրինակ, Բեռլինից հին է, և ի՞նչ է դա ապացուցում: Եվ դժվար թե այդ հին Կիևում գրադարան լիներ. այն միանշանակ եղել է հին Ալեքսանդրիայում: Բայց գլխավորն այլ է՝ այսօրվա Ուկրաինան ոչ մի կապ չունի այդ Կիևի հետ: Ընդհանրապես: Այդ ժամանակ չկար Ուկրաինա, որպես այդպիսին, և չկային հին ուկրաինացի իշխաններ, և Կիևն առաջացել է որպես լեհական ցեղերի քաղաք և ոչ թե ուկրաինացիների՝ այդ հին ժամանակներում նրանց լիակատար բացակայության պատճառով:

Եվ 882 թվականին Կիև փոքր քաղաքը գրավել է Նովգորոդի իշխան Օլեգը, որն իր նստավայրը տեղափոխել է այնտեղ և ասել. «Թող սա ռուսական քաղաք լինի»: Ռուսակա՛ն, ո՛չ ուկրաինական: Բայց Ռադայի ներկա անհարգալից կերպարներին, իհարկե, դա հասու չէ»,-գրել է Պուշկովը:

ՌԴ Դաշնային խորհրդի անդամը Կիևն անվանել է «ռուսական քաղաք»