Աֆրիկյան միությունը դադարեցրել է Մալիի անդամակցությունը կազմակերպությանն այդ երկում առկա քաղաքական ճգնաժամի պատճառով
Աֆրիկյան միությունը որոշում է կայացրել դադարեցնել Մալիի անդամակցությունը կազմակերպությանն այդ երկում առկա քաղաքական ճգնաժամի պատճառով, հաղորդում է ТАСС-ը:
Մալիի՝ Աֆրիկյան միությանն անդամակցության դադարեցումը կտևի այնքան, քանի դեռ չի հաջողվել երկրում առկա ճգնաժամը հանգուցալուծել:
Աֆրիկյան միության խաղաղության և անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են Մալիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը, պահանջել զինվորականներից վերադառնալ զորանոցներ ու հետագայում զերծ մնալ ներքաղաքական գործընթացներին միջամտելու փորձերից: Խորհուրդը կոչ է արել նպաստավոր պայմաններ ստեղծել անխոչընդոտ, թափանցիկ և արագ կերպով կառավարումը քաղաքացիական անձանց շրջանակ վերադարձնելու համար:
«Ճանապարհային քարտեզի չիրագործման դեպքում առանց տատանվելու խորհուրդը պատժամիջոցներ կհասմանի»,- ասված է կազմակերպությա հայտարարությունում:
Մայիսի 26-ին Միացյալ ազգերի կազմակերպությունն ու Աֆրիկյան միությունը հայտնել էին, որ Մալիում զինվորականները ձերբակալել են ժամանակավոր կառավարության վարչապետին ու նախագահին՝ նախորդ ռազմական հեղաշրջումից 9 ամիս անց խորացնելով քաղաքական ճգնաժամն աֆրիկյան այս երկրում:
Կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ կոչ են արել «անհապաղ ազատ արձակել» նախագահ Բահ Նդաուին և վարչապետ Մոքթար Ուանեին՝ շեշտելով, որ «միջազգային հանրությունը մերժում է ցանկացած հարկադրական գործողություն՝ ներառյալ հարկադիր հրաժարականները»։ Հայտարարությանը միացել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի անդամ պետությունները (ECOWAS):
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր թվիթերյան հաշվում արված գրառման մեջ կոչ է արել հանգստություն պահպանել, մինչդեռ Եվրամիության առաջնորդները դատապարտել են Մալիի քաղաքացիական ղեկավարության «առևանգումը»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին Մալիում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել։ Մալիում խռովությունը սկսվել էր օգոստոսի 18-ին՝ մայրաքաղաք Բամակոյի մերձակա Քաթի ռազմակայանում: Ապստամբներն այդ օրը հայտարարել էին նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթայի և վարչապետ Բուբու Սիսեի ձերբակալության մասին










