Դաշնակիցների ապարդյուն որոնումներում. Emerging Europe-ը ներկայացրել է ընտրություններին ընդառաջ Հայաստանի հարաբերությունները հնարավոր դաշնակից երկրների հետ

12:26 • 02.06.21

Հայաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, և արտաքին քաղաքականությունն առանցքային հարց կլինի` հաշվի առնելով երկրի իրական դաշնակիցների բացակայությունն Ադրբեջանի հետ վերջին պատերազմի ժամանակ: Այս մասին գրում է Emerging Europe պարբերականի վերլուծաբանը` մտորումներ ներկայացնելով տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

Հեղինակը նկատում է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ժամանակ Ադրբեջանն աջակցություն է ստացել երկու հարաբերականորեն հզոր երկրից` Իսրայելից և Թուրքիայից: Նշվում է, որ Իսրայելի հետ Ադրբեջանին կապում են ռազմական ոլորտում առկա հարաբերությունները, քանի որ Ադրբեջանն իսրայելական նորագույն զինատեսակներ է ձեռք բերում, իսկ Թուրքիայի հետ առավել խոր հարաբերություններ ունի:

«Ի տարբերություն՝ Հայաստանը մեծապես ինքնուրույն պայքար է մղել վեցշաբաթյա հակամարտության ընթացքում: Ռուսաստանը վերջում աջակցեց հրադադարի հաստատմանը, որը թույլ տվեց ռուս խաղաղապահներ տեղակայել տարածաշրջանում: Արևմտյան կառավարությունների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել հակամարտության մարդասիրական հետևանքների առնչությամբ, սակայն ձախողել են ադրբեջանական հարձակումը դատապարտելու հարցում»,- գրում է հոդվածի հեղինակ Քրիստիան Մամոն:

Վերջինս նշում է, որ նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր Ռուսաստանը Հայաստանի առաջնային դաշնակիցն է: Իսկ Հայաստանը ՌԴ-ի ղեկավարած երկու միջկառավարական նախաձեռնության` ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, ինչը Հայաստանին դարձնում է Ռուսաստանի միակ իրական դաշնակիցը տարածաշրջանում:

«Լավ, թե վատ, Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես վստահելի գործընկեր այնպիսի երկրի համար, որն ապացուցում է, որ բավականաչափ բարեկամական վերաբերմունք ունի Մոսկվայի շահերի նկատմամբ»,- նկատում է հեղինակը:

«Զգալի ռազմական աջակցություն է ցուցաբերվել Բաշար ալ-Ասադին Սիրիայում և ընդլայնված դիվանագիտական աջակցություն` միջազգային մեկուսացման մեջ գտնվող Վենեսուելային և Բելառուսին: Այդ պարագայում ինչո՞ւ Ռուսատանը մեծ հաշվով ոչինչ չարեց Հայաստանին պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղում բռնկված վերջին պատերազմում»,- հարցադրում է անում սյունակագիրը:

Նրա կարծիքով` Հայաստանի կառավարությունը, Մոսկվայի գնահատմամբ, իրեն խոհեմ չի դրսևորել 2009-ի Մադրիդյան սկզբունքներին հավատարիմ մնալու հարցում, ինչն էլ Կրեմլին ստիպել է այլևս ցանկություն չունենալ պաշտպանելու երկրին: Ըստ հեղինակի` հարցն առավել սրվեց 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, որը սկսեց «սիրաշահել արևմտյան կառավարություններին ժողովրդավարական սկզբունքներին իր հավատարմությամբ` առաջացնելով Ռուսաստանի անհանգստությունը»:

«Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հզոր հայտարարություններ է արել` դատապարտելով Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ և թուրքամետ սիրիացի գրոհայինների օգտագործումը, այնուամենայնիվ ձախողել է գործնական աջակցություն տրամադրել»,- հավելում է վերլուծաբանը` նկատելով, որ Ֆրանսիան մի շարք տարաձայնություններ ունի Ադրբեջանի հիմնական դաշնակից Թուրքիայի հետ:   

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին` նա նշում է, որ Իրանը դառնում է Հայաստանի պոտենցիալ դաշնակիցը: «Հայաստանի սահմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկար ժամանակ փակ է: Երկիրը կասկածելի հարաբերություններ ունի նաև Վրաստանի հետ: Դա նշանակում է, որ Իրանի հետ սահմանը Հայաստանին մնացյալ աշխարհի հետ կապող միակ ուղին է, թեև երկրների միջև գործընկերային հարաբերությունները զարգացած չեն: Համենայն դեպս, Իրանի տարածաշրջանային հակառակորդներից մեկը Թուրքիան է, որի հետ կոնֆլիկտը նաև Սիրիայում է նկատվում, որտեղ նրանք երկու տարբեր կողմերի են աջակցում:

«Անցյալ տարվա պատերազմը Լեռնային Ղարաբաղում ցույց տվեց Հայաստանի մեկուսացումն աշխարհում: Երկիրը չափազանց փոքր է և տնտեսապես չափազանց աննշանակալի` ստիպելու աշխարհի գերտերություններին` ռեսուրսներ ծախսելու նրան պաշտպանելու համար: Պատերազմը ցույց տվեց նաև, որ Հայաստանը չի կարող օտարվել Ռուսաստանից: Հայաստանում ընտրությունների պատրաստվող ուժերից մի քանիսը բացեիբաց կոչ են արել առավել մեծ ինտեգրում ապահովել Ռուսաստանի հետ»,- եզրափակում է հոդվածագիրը` նշելով, որ Հայաստանի համար հաջորդ մարտահրավերը պետք է լինի տարածաշրջանային ուժերի հետ դաշնակցությունն ամրապնդելը, ինչը «կապահովի երկրի անվտանգությունն` առանց շատ ազդելով ինքնիշխանության վրա»:

 

 

 

 

Դաշնակիցների ապարդյուն որոնումներում. Emerging Europe-ը ներկայացրել է ընտրություններին ընդառաջ Հայաստանի հարաբերությունները հնարավոր դաշնակից երկրների հետ