Թուրքիայի ԱԳՆ-ն Թել Ավիվին կոչ է արել վերանայել իր դիրքորոշումը Անկարայի նկատմամբ
Թուրքիայի հետ առողջ հարաբերություններ պահպանելու համար Իսրայելը պետք է հրաժարվի իր «սխալ քաղաքականությունից»՝ անկախ ձևավորված կառավարության կազմից: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Տոգոյի Հանրապետության պետնախարար, արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարար, պրոֆեսոր Ռոբերտ Դյուսեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքերով ՝ կառավարության ձևավորումը Իսրայելի ներքին գործն է և կարևոր է ոչ թե այն, թե ով կձևավորի կառավարությունը, այլ այն, թե ինչ քաղաքականություն է վարելու նոր կառավարությունը:
«Անհրաժեշտ է դադարեցնել Պաղեստինի դեմ հարձակումները: Բացի այդ, Իսրայելը պետք է հրաժարվի այն քայլերից, որոնք կարող են խաթարել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը՝ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքով: Անհրաժեշտ է վերադառնալ խաղաղության գործընթացին»,-ընդգծել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Իսրայելը պետք է հրաժարվի այս քաղաքականությունից ՝ Անկարայի հետ առողջ հարաբերություններ հաստատելու համար:
«Եթե այս քաղաքականությունը շարունակվի, մենք չենք կարողանա առողջ հարաբերություններ պահպանել: Այնուամենայնիվ, եթե Իսրայելը վերադառնա խնդրի կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա, որի պարամետրերը չափազանց պարզ են, և խաղաղության գործընթացին, ինչպես նաև սկսի հարգել պաղեստինցիների իրավունքները, նա ավելի առողջ հարաբերություններ կստանա ոչ միայն Թուրքիայի, այլ նաև բոլորի հետ»,-ասել է նախարարը:










