Իսրայելը հրաժարվել է զենք վաճառել Բելառուսին և Մյանմարին. արտահանումների 30 %-ն ուղղվել է Եվրոպայի երկրներ, այդ թվում` Ադրբեջան

12:49 • 02.06.21

Իսրայելական ռազմական արդյունաբերության արտահանման ծավալը 2020 թվականին աճել է 15 տոկոսով` 7,3 մլրդ դոլարից հասնելով 8,3 մլրդ դոլարի: «Վեստի»-ի իսրայելական ծառայության փոխանցմամբ` այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Երկրի պաշտպանության նախարար Բենի Գանցը շեշտել է, որ Իսրայելը զենք չի վաճառել «բռնապետական» կամ «խնդրահարույց» ռեժիմներով երկրներին: Նրանց թվում են Բելառուսն ու Մյանմարը:

«Մենք զենք չենք արտահանել այնպիսի երկրներ, որոնք չեն համապատասխանում իսրայելական բարոյական չափանիշներին և այն երկրներին, որտեղ ցեղասպանություն է տեղի ունենում»,- հայտարարել է Գանցը:

Նշվում է, որ զենքի արտահանման մասին համաձայնագրերի մեծամասնությունը ստորագրվել է նախքան համավարակը: Արտահանումների 44 տոկոսը (800 մլն դոլար արժողությամբ) ուղղվել է Ասիայի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Պարսից ծոցի երկրներին:

Արտահանումների 30 տոկոսն ուղղվել է Եվրոպայի երկրներ, այդ թվում` Ադրբեջան, 20 տոկոսը` Հյուսիսային Ամերիկայի, 4 տոկոսը` Աֆրիկայի, 2 տոկոսը` Հարավային Ամերիկայի երկրներ:

 

 

Իսրայելը հրաժարվել է զենք վաճառել Բելառուսին և Մյանմարին. արտահանումների 30 %-ն ուղղվել է Եվրոպայի երկրներ, այդ թվում` Ադրբեջան