Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրաժարականի պահանջով ակցիայից հետո ոստիկանությունը ուժ կիրառելով բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

17:34 • 02.06.21

1820

«Տարան մեր այն բոլոր տղաներին, որոնք սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 24-ը եղել են դիրքերում և իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը. Արսենին, ով Մատաղիսում դիպուկահարի կրակոցից վիրավորվել է, մի կերպ կյանքը փրկել են, Հայկին, ով հրետանու կրակոցից է վիրավորվել ու մի քանի օր առաջ են բեկորը հանել մարմնից: Այդ մարդկանց առանց պատճառի տարան, որ թիվ ցույց տան: Չորս հոգու տարել են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

18:18

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ պետք է արձանագրել՝ այս իշխանությունից իրենց արարքների համար պատասխան չեն կարողանում ստանալ: «Մեզ համար անակնկալ չէր, որ մի քանի ամիս բառախաղի մեջ թաթախված այս իշխանությունը նորից փորձելու է մեղավոր և պատասխանատու բառերով խաղեր խաղալ: ՀՀ-ում այս իրավիճակը ժամանակավոր է, հետհաշվարկն այս իշխանությունների համար վերջնական է լինելու»:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները սկսեցին տոպրակներ շպրտել ԱՆ շենքի ուղղությամբ: Ոստիկանները միջամտեցին ակցիային, ինչից հետո սկսվեց քաշքշուք ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև:

Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին:                       

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ խաղաղ նպատակով եկել էին և խաղաղ նպատակով էլ գնում են, սակայն կրկին միջադեպ  սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:

17:57

Ակցիայի մասնակիցները դիմում-բողոք են բերել, որպեսզի փոխանցեն նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին: Ոստիկանները փոխանցեցին, որ քիչ անց պարզ կլինի, թե ինչ եղանակով կփոխանցեն դիմում-բողոքը:

«Երբ Նիկոլ Փաշինյանը գնում էր քարոզարշավների, դրա փոխարեն պիտի փակ դռներից այն կողմ 24 ժամյա ռեժիմով նախարարին կանչեր ու հրամայեր, որ զբաղվեն մեր տղերքի դիերն իրենց ծնողներին հանձնելով ու արժանապատիվ հուղարկավորություն կազմակերպելով: Նիկոլը ցույց է տալիս, որ անհայրենիք տականք է, հող հանձնող մարդ, հայ զինվորի, հայկական սահմանը պահողի քրտինքը չգնահատող մարդ, այսօր այդ ամենը Նիկոլ Փաշինյանը թողնում է այս նախարարի վզին»,-շեշտեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Քաղաքացին նշեց, որ նախարարությունից պարտադիր պետք է մոտենան ու լսեն իրենց բոլոր հարցերը և պատասխան տան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվեցին լուսանկարներ, որոնցում երևում էր, որ Արցախի պատերազմի ժամանակ զոհվածների դիերը պահվում են ոչ պատշաճ վիճակում։ Միջադեպից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն էր խնդրել։

Երեկ անհետ կորած զինծառայողների ծնողները մտել էին Աբովյան քաղաքի դիահերձարան ու գտել Արցախի պատերազմի ժամանակ զոհվածների դիեր՝ պարկերի մեջ, որոնք, ըստ նրանց, թաքցվել են

17:34

Այս պահին քաղաքացիները Առողջապահության նախարարության դիմաց են: Նրանք բարձրացնում են իրենց բողոքի ձայնը օրերս պարզված այն իրողության մասին, որ զոհված զինծառայողների մարմինները պահվում են նկուղներում:

Քաղաքացիները պահանջում են Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը: Քաղաքացիները նշում են՝ եթե մի փոքր մարդկային արժեք կա նրա մեջ, ապա պետք է հրաժարական տա:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է  իջնի ու պատասխանի բոլոր հարցերին:

«Մենք գիտենք, որ սրա մեղավորը միայն նա չէ, բայց այն, ինչ մենք տեսանք, անընդունելի է, ոնց կարող ենք վստահ լինել, որ վաղը մարտունակ բանակ կունենանք, երբ տեսնում ենք խոշտանգված մարմիններ մեր երկրի ներսում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

 

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրաժարականի պահանջով ակցիայից հետո ոստիկանությունը ուժ կիրառելով բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)