Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների գործընկերների հետ քննարկել է «Ռուսաստանի և Չինաստանի կողմից ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու» հարցը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր գործընկերների հետ տեսակոնֆերանսի ձևաչափում քննարկել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնալիքներին հակազդելուն վերաբերող հարցեր, հաղորդում է ТАСС-ը:
Նշված հնարավոր սպառնալիքներին հակազդելու հարցերը դիտարկվել են ՆԱՏՕ-ի՝ մինչև 2030 թ. զարգացման նոր ընդունվելիք ռազմավարության համատեքստում:
«Նախարար Օսթինը հստակ աջակցություն է հայտնել կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի առաջարկած «ՆԱՏՕ-2030» ծրագրին, որի նպատակն է լինելու դաշինքի՝ ռազմական ու քաղաքական տեսանկյունից հզորության պահպանումը, ինչպես նաև՝ կազմակերպությանն առավել գլոբալ տեսլական հաղորդելը»,- ասված է Պենտագոնի հաղորդագրությունում:
Ըստ Պենտագոնի՝ Օսթինն ասել է, որ այս ծրագրի կյանքի կոչումը Ռուսաստանի և Չինաստանի կողմից ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու առավել լայն ու արդյունավետ հնարավորություններ կընձեռի:










