Եթովպիայում 5,2 միլիոն մարդ սննդի կարիք ունի. ՄԱԿ-ին անհրաժեշտ է ավելի քան 200 միլիոն դոլար
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համաձայն՝ Եթովպիայում պատերազմից տուժած հյուսիսային Տիգրայ շրջանի բնակչության ավելի քան 90 տոկոսը սննդի կարիք ունի, հայտնում է Al Jazeera լրատվականը։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ավելի քան 200 միլիոն դոլարի կարիք ունի՝ 7 ամիս տևած մարտերից տուժած 5,2 միլիոն բնակչության կարիքները հոգալու համար։
«Մենք անհանգստացած ենք սովի բարձր մակարդակով․ մարդիկ սննդի կարիք ունեն։ ՊՀԾ-ն 203 միլիոն դոլարի կարիք ունի՝ մարդկանց կյանքերի փրկության և մինչև տարեվերջ ապրուստի միջոցների ապահովման համար», - ասել է ծրագրի մամուլի խոսնակ Թոմսոն Ֆիրին։
Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը, որը 2019 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել, 2020 թվականի նոյեմբերին կարգադրել է ցամաքային և օդային ռազմական գործողություններ իրականացնել Տիգրայ շրջանում՝ մեղադրելով շրջանում իշխող «Տիգրայի ազատագրման ազգային ճակատ»-ին դաշնային բանակային ուժերի վրա հարձակումների համար։ Նոյեմբերի վերջին վարչապետը հայտնել է հաղթանակի մասին, սակայն Տիգրայում շարունակվող մարտերի հետևանքով արդեն իսկ զոհվել են հազարավոր մարդիկ, իսկ գրեթե 2 միլիոն մարդ լքել է իր բնակության վայրը։
Հայտնի է, որ 2 ամսվա ընթացքում համապատասխան օգնությունը չապահովելու դեպքում սովի վտանգ կարող է առաջանալ, քանի որ մարտերի ընթացքում տարածաշրջանի բերքի ավելի քան 90 տոկոսն այրվել կամ թալանվել է։










