«ԱՄՆ-ի չափահաս բնակչության ավելի քան 60 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ»․ Բայդենը երկրում հունիսը «պատվաստումների ամիս» է հայտարարել

09:04 • 03.06.21

ԱՄՆ-ի չափահաս բնակչության ավելի քան 60 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է երկրի ղեկավար Ջո Բայդենը, փոխանցում է The Guardian-ը։

Նա ամերիկացիներին կոչ է արել հունիսը հայտարարել «պատվաստումների ամիս», որպեսզի երկրում  Անկախության օրն (հուլիսի 4- խմբ․) այդ ցուցանիշը գերազանցի 70 տոկոսը:

«12 նահանգ արդեն հասել է բնակչության 70 տոկոսի պատվաստումների կարևոր ցուցանիշին։ Մենք ակնկալում ենք՝ այս շաբաթ ավելի շատ նահանգներ կհասնեն դրան»,- ընդգծել Է Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ COVID-19-ի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշի շնորհիվ «Միացյալ Նահանգները վերականգնում է իր տնտեսությունը»։

Բայդենը նաև նշել է, որ «ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի ամերիկացիների համար ամառը կլինի ազատության, ուրախության, հանդիպումների և տոների ամառ»։

«ԱՄՆ-ի չափահաս բնակչության ավելի քան 60 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ»․ Բայդենը երկրում հունիսը «պատվաստումների ամիս» է հայտարարել