Սա լկտիության գագաթնակետն է, մենք ազգովի բանակ ենք սարքել, որը եկան ու ոչնչացրին. Թագուհի Թովմասյանը՝ զինվորների դիերը նկուղներում պահելու մասին
Սա լկտիության գագաթնակետն է, և հասարակությունը պետք է իր գնահատականը տա իրավիճակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով հայ զինվորների դիերի պահմանը և նշեց, որ դա պետական քաղաքականություն է բանակի և զինվորականների նկատմամբ:
«Այս ամենը գալիս է պետության ղեկավարից, և ես նշում եմ, որ ոչ միայն առողջապահության նախարարը պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ միայն նախարարի բացթողումը չէ, սա պետական քաղաքականություն է զինվորների նկատմամբ, բանակի նկատմամբ, բոլորն էլ հիշում են, թե ինչ վերաբերմունք է եղել, եկել են ու ասել են՝ բանակ չունենք, բանակը ոչնչացված է, թալանել են, լափել են, կերել են»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Նա նաև նշեց, որ գործող իշխանության վերաբերմունքը զինվորականության և բանակի նկատմամբ պարզ է եղել նրանց պաշտոնավարման առաջին իսկ օրից:
«Մեր ազգային հարստությունը, որ մենք փայփայել ենք, ազգովի սարքել ենք, այդ բանակը իրենք եկան ու ոչնչացրին ու շարունակում են բանակի ոչնչացումը, ես ուղղակի կարծում եմ, որ նրանք բարոյական իրավունք չունեն խոսելու, ուղղակի դեռ արդարանում են»,- նշեց պատգամավորը։










