«Մինսկն այլևս չի կարող համարվել հարգանքի արժանի և չեզոք միջազգային հարթակ». Կիևը մեղադրել է Լուկաշենկոյին «թշնամական» հռետորաբանության համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «թշնամական» հռետորաբանության պատճառով Մինսկն այլևս չի կարող համարվել չեզոք հարթակ միջազգային բանակցությունների՝ այդ թվում Դոնբասի վերաբերյալ եռակողմ շփման խմբի բանակցությունների համար: Այս մասին հունիսի 2-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, գրում է EADaily լրատվականը:
«Եթե մենք տեսնում ենք Լուկաշենկոյի կողմից այդպիսի թշնամական հռետորաբանություն, եթե տեսնում ենք, որ Բելառուսն այլևս չեզոք երկիր չէ, ապա կարող ենք մոռանալ Մինսկում ցանկացած բանակցությունների մասին: Մինսկն այլևս չի կարող համարվել հարգանքի արժանի և չեզոք միջազգային հարթակ»,-ասել է նա` խոսելով Մինսկում եռակողմ շփման խմբի բանակցությունները շարունակելու հեռանկարի մասին` կապված Լուկաշենկոյի կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից Մինսկի օդանավակայանում ձերբակալված ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչին հարցաքննելու համար քննիչներ հրավիրելու հետ:
Նա հավելել է, որ Լուկաշենկոյի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանն ուղղված ցանկացած հավանական քայլ արձագանք կստանա Ուկրաինայի և «ամբողջ քաղաքակիրթ աշխարհի» կողմից:
«Ուկրաինան ոչ ոքի թույլ չի տա խախտել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Եթե Լուկաշենկոն իրեն դնի նույն հարթության վրա Լուգանսկի օկուպանտների հետ, ապա դա կնշանակի համապատասխան վերաբերմունք նրա նկատմամբ»,-ընդգծել է Պոդոլյակը:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:










