Անվճար գարեջուր, արձակուրդ և սպորտային հանդիպումների տոմսեր. Բայդենը հունիսը «գործողությունների ամիս» է հռչակել և հայտնել ԱՄՆ բնակչության 70%-ին պատվաստելու նպատակի մասին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել՝ հունիսը հայտարարելով «գործողությունների ամիս»: Այս մասին գրում է Associated Press-ը՝ նշելով՝ Բայդենի նման հայտարարության իմաստն է մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը, ապահովել երկրի չափահաս բնակչության 70 տոկոսի՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժնի ստացումը:
Սպիտակ տունը նախատեսում է աջակցել ամերիկացիների պատվաստումը խրախուսող ընկերությունների նախաձեռնություններին: Մասնավորապես, AP-ն նշում է Anheuser-Busch գարեջրի գործարանի մասին, որն արտադրում է Budweiser գարեջուրը:
Օրերս արտադրողը հայտնել էր, որ անվճար գարեջուր կբաժանի բնակիչներին, եթե Բայդենի վերոհիշյալ նպատակն իրականություն դառնա հուլիսի 4-ին:
Նշվում է՝ Anheuser-Busch ընկերությունը պատրաստ է 21 և բարձր տարիքի պատվաստված 200 000 անձանց 5 դոլար արժողությամբ կտրոն տրամադրել: Դրա համար անհրաժեշտ է միայն մուտք գործել ընկերության կայք և գրանցվել:
ԱՄՆ կառավարության կողմից աջակցվող այլ խրախուսանքների թվում են նաև դրամական պարգևները, սպորտային միջոցառումների տոմսերը և գերատեսչության ֆինանսավորմամբ իրականացվող արձակուրդները:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում մոտ 162 միլիոն մարդ (երկրի չափահաս բնակչության 62,8%-ը) արդեն ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առնվազն 1 չափաբաժին, ևս 133,6 միլիոն մարդ ամբողջությամբ պատվաստվել է:
Նշենք՝ ԱՄՆ բնակչությունը գերազանցում է 328 միլիոնը:










