Մայրաքաղաքային սփռման սլոթի հաղթողը դեռ չի որոշվել, բայց կառավարությունը 427 միլիոն դրամ է փոխանցում Հ1-ին՝ նոր հեռուստաալիքի համար. Լևոն Սուլթանյան (տեսանյութ)

11:05 • 03.06.21

Այսօր «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը և փաստաբան Սիմոն Բաբայանը ասուլիսի ընթացքում անդրադարձել են վաղվա ՀՌՀ-ի մրցույթին մայրաքաղաքային սփռման սլոթի համար և հեռուստաընկերության փոխտնօրենը նշեց, որ Կառավարությունն արդեն իսկ գումար է հատկացրել Հանրային հեռուստաընկերության նոր ալիքի բացման համար, բայց մրցույթի վերջնական որոշումները պետք է կայացվեն հունիսի 4-ին:

«Ապրիլի 15-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացնում, ըստ որի՝ 427 միլիոն դրամ է հատկացնում Հանրային հեռուստաընկերությանը, մայրաքաղաքային սփռման լրատվական հեռուստաալիքի ստեղծման և գործարկման նպատակով, բայց հարց է ծագում՝ կա մայրաքաղաքային սփռման մեկ սլոթ, որի համար մրցույթ է ընթանում, դեռևս չի որոշվել, թե ով է հաղթել, բայց Կառավարությունն արդեն գումար է հատկացնում: Տեսականորեն, գուցե վաղը Հ1-ն այս մրցույթում չհաղթի, բայց Կառավարությունն արդեն գումար է փոխանցում»,- ասաց Լևոն Սուլթանյանը:

Հեռուստաընկերության փոխտնօրենը նաև տեղեկացրեց, որ այս ամենին զուգընթաց իրականացվում է մշտադիտարկում և հարուցվել են նոր վարույթներ Հ2-ի դեմ: «Այս ամենին զուգընթաց ՀՌՀ-ն մի քանի վարչական վարույթ է նորից հարուցում, ապրիլի 23-ից 27-ը նրանք իրականացրել են մեր եթերի մշտադիտարկում, մենք ոչ մի հանրային մուլտիպլեքսում չկանք, մալուխային ցանցերում ենք, բայց հատկապես ինչո՞ւ է հենց հիմա»,- նշեց փոխտնօրենը:

Փաստաբան Սիմոն Բաբայանը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ՀՌՀ-ի կողմից կա հարուցված 4 վարույթ հեռուստաընկերության դեմ, և համեմատելով մյուս հեռուստաընկերությունների իրականացվող մշտադիտարկմանը՝ կենտրոնացել են հեռուստաընկերության վրա:

«Տպավորություն է ստեղծվում է, որ ՀՌՀ-ն ուշի ուշով հետևում է այս տնտեսվարողի գործունեությանը, մենք ունեցել ենք 2 վարչական վարույթ, որոնք իրենց հանգուցալուծումը ստացել են բացասական ակտերով, որոնք բողոքարկվել են և, ըստ էության, հասել ենք մենք հաջողության և այսօր ևս պատրաստում է 4 վարույթ, սա ինձ թույլ է տալիս, ի համեմատ մյուս հեռուստաընկերությունների, մտածելու, որ մենք ունենք որոշակի սևեռվածություն և ուշադրություն այս հեռուստաալիքի նկատմամբ»,- ասաց Սիմոն Բաբայանը:

Լևոն Սուլթանյանը նաև նշեց, թե կան տեղեկություններ, ըստ որոնց՝ հանձնաժողովի նախագահն ագիտացիա է իրականացնում, ճնշումներ գործադրում՝ ասելով, որ վաղը պետք է քվեարկեն Հանրային հեռուստաընկերության օգտին:

«Մենք ստացել ենք տեղեկություններ, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անձամբ մնացած անդամների հետ զրույցներ է ունենում, ճնշումներ է գործադրում, փորձում է համոզել, որպեսզի վաղվա նիստում նախապատվությունը տրվի Հանրային հեռուստաընկերությանը, ես շատ կցանկանամ, որ այդ տեղեկությունները լինեն ոչ հավաստի»,- ասաց Լևոն Սուլթանյանը:

Հիշեցնենք, որ վաղը իրականացվելու է մրցույթ, որտեղ ՀՌՀ-ն պետք է որոշում կայացնի, թե հայտ ներկայացրած 3 լրատվականներից, որը պետք է ստանա մայրաքաղաքային սփռման հնարավորություն: Նշենք նաև, որ հայտ են ներկայացրել «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», Հանրային հեռուստաընկերությունը՝ նոր լրատվական հեռուստաալիքի համար և «Փաստինֆոն»:

 

Մայրաքաղաքային սփռման սլոթի հաղթողը դեռ չի որոշվել, բայց կառավարությունը 427 միլիոն դրամ է փոխանցում Հ1-ին՝ նոր հեռուստաալիքի համար. Լևոն Սուլթանյան (տեսանյութ)