Չեխական ընդդիմությանը չի հաջողվել անվստահություն հայտնել կառավարությանը
Չեխիայի աջակողմյան ընդդիմության փորձը՝ անվստահություն հայտնելու ներկայիս «Դժգոհ քաղաքացիների գործողություն» քաղաքական շարժման առաջնորդ, դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշի կառավարությանը խորհրդարանի ստորին պալատում, ձախողվել է: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով CTK գործակալությանը:
Ընդդիմությունը չի կարողացել անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ 200 պատգամավորներից 101-ի աջակցությունը ստանալ Ստորին պալատի ավելի քան 14 ժամ տևած արտահերթ նիստի ժամանակ, որը նախաձեռնել էին 5 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ:
Ընդդիմադիր Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը, քրիստոնեա-դեմոկրատները, Չեխիայի ծովահենական կուսակցությունը, «Ավանդույթ, պատասխանատվություն, բարգավաճում - 09» լիբերալ-պահպանողական կուսակցությունը և «Երեցներ և անկախներ» լիբերալ քաղաքական շարժումն անվստահության քվե են ներկայացրել կառավարությանը` ելնելով այն փաստից, որ կոմունիստ պատգամավորները հրաժարվել են աջակցել կառավարությանը: Առանց նրանց ձայների՝ կառավարությունը կորցրել է իր մեծամասնությունը Ստորին պալատում:
Բացի այդ, քվեարկության նախաձեռնողները մեղադրել են իշխանություններին՝ նշելով, որ կառավարությունն ի վիճակի չէ հակազդել կորոնավիրուսի տարածմանը, իսկ Բաբիշին՝ շահերի բախման համար, ինչը, նրանց պնդմամբ, արտահայտվում է, մասնավորապես, վարչապետի հետ կապված ընկերություններում սուբսիդիաների արտոնյալ բաշխմամբ:
Միևնույն ժամանակ, Բաբիշը, որի ելույթը խորհրդարանի ստորին պալատում հեռարձակվել է չեխական հեռուստաալիքներով, կտրականապես հերքել է կառավարությանն առաջադրված մեղադրանքները:
«Մենք հաջողակ կառավարություն ենք: Ընդդիմության հայտարարություններն անիմաստ են և անհեթեթ: Սա մեր նկատմամբ անվստահություն հայտնելու 3-րդ փորձն է: Այս փորձը կատարվում է խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ»,-ասել է վարչապետը:
Նա նաև ընդգծել է, որ ընդդիմությունը փորձում է իրեն դուրս մղել մեծ քաղաքականությունից: Բաբիշն ասել է, որ ինքը միշտ պաշտպանում է Չեխիայի շահերը, որն «ինքնիշխան երկիր է և չի կարող ղեկավարվել Եվրոպական խորհրդարանի կողմից»: Հանրապետությունն ունի իր սեփական օրենքները, որոնց վարչապետը, ըստ իրեն, անթերի հետևում է:










