Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակի սրման մասին
Իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին կրկին սրվել է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից:
«Տաջիկական կողմը, խախտելով ղրղզա-տաջիկական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ կողմերի միջկառավարական պատվիրակությունների նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, 2021 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Օշի մարզի Ունժու-Բուլաք սահմանային տեղամասում սկսել է կոնտեյներ տեղադրել` խորանալով ղրղզական տարածքում մինչև 1000 մետր»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` «ժամը 06:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 04:00-ի դրությամբ) սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, տաջիկական կողմը կոնտեյները թողել է այս տարածքում գտնվող պետական սահմանի հատվածում և 600 մետր նահանջել է դրանից»: Բացի այդ, ըստ մամուլի ծառայության, «Տաջիկստանի կողմից նկատվում է ավտոմեքենաներով և թեթև զրահամեքենաներով զինծառայողների կուտակում»:
«Ղրղզական կողմը միջոցներ է ձեռնարկում կողմերի սահմանապահ ներկայացուցիչների մակարդակով իրավիճակը կարգավորելու համար, սակայն Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները չեն պատասխանում հեռախոսազանգերին»,-ընդգծել են գերատեսչությունում:
Նշվում է, որ Տաջիկստանի հետ պետական սահմանի հատվածում տեղակայված Ղրղզստանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներն անցել են ծառայության ուժեղացված ռեժիմի:
Բիշքեկը նաև մեղադրել է Դուշանբեին սրման նվազեցման մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար:
«Տաջիկական կողմը, խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, թեժացրել և սրել է իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանին, ինչը չի համապատասխանում բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին»,-«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ղրղզստանն ու Տաջիկստանը երկար տարիներ չեն կարողանում լուծել սահմանային տարածքների շուրջ վեճը: Այդ պատճառով սահմանին պարբերաբար բախումներ են լինում, իսկ մեկ ամիս առաջ նույնիկ երկօրյա պատերազմ տեղի ունեցավ՝ երկու կողմերից լուրջ կորուստներով: Այժմ կողմերը փորձում են լուծել առկա հակասությունները խաղաղ ճանապարհով, այդ գործում նրանց ակտիվորեն աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը:










