Նախընտրական քարոզչության հետ ասոցացվող են ճանաչվել «Լուսավոր Հայաստան»-ի, «5165» կուսակցության, Տիգրան Արզաքանցյանի պաստառներ․ այդպիսիք ենթակա են հանման․ Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)

14:54 • 04.06.21

 

Մենք հայտարարել ենք, որ օրենքի պահանջով բոլոր այն պաստառները, որոնք կճանաչվեն նախընտրական քարոզչության հետ ասոցացվող, ենթակա են հանման, որովհետև այդ պաստառները կարող են լինել միայն նախապես բաշխված վահանակներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան մուկուչյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ որոշ պաստառներ ապամոնտաժելուց հետո դրանք փակցրած անձինք դիմել էին դատարան՝ վիճարկելով ԿԸՀ որոշումները:

Հարցին՝ միայն ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի առնչությա՞մբ են եղել այդ որոշումները, Մուկուչյանն արձագանքեց, որ այդպիսի որոշումներ կան նաև «Լուսավոր Հայաստան»-ի, «5165» կուսակցության, Տիգրան Արզաքանցյանի պաստառների առնչությամբ։

«Այսինքն՝ 5 քմ տարածքը գերազանցող վահանակների վրա եղած այն բոլոր պաստառները, որոնք այս կամ այն  կերպ կարող էին ասոցացվել նախընտրական քարոզչության հետ, հանվում են։ Հնարավոր է՝ լինեն այլ վահանակներ, որոնք շրջայցերով հնարավոր չի եղել բացահայտել։ Ցանկացած նման դեպքում դրանք միանշանակ ևս քննարկման առարկա են դառնալու»,-ասաց նա՝ նշելով, թե կապ չունի՝ այդ պաստառները երբ են տեղադրված եղել։

Նրա խոսքով՝ հայցադիմում է ներկայացվել դատարան, վիճարկվել է որոշումը, իրենք էլ իրենց տեսակետն ամբողջական ծավալով ներկայացրել են դատարանին։

 

Նախընտրական քարոզչության հետ ասոցացվող են ճանաչվել «Լուսավոր Հայաստան»-ի, «5165» կուսակցության, Տիգրան Արզաքանցյանի պաստառներ․ այդպիսիք ենթակա են հանման․ Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)