Հայաստանում Ադրբեջանի ԶՈւ ներկայությամբ պայմանավորված, ջրային պաշարների լուրջ խնդիր կա. Արման Թաթոյան (տեսանյութ)

16:48 • 04.06.21

Այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է Սյունիքի մարզի Սև լճին և Գեղարքունիքի մարզի ջրային ռեսուրսներին: Նա մասնավորապես նշել՝ Հայաստանի այդ հատվածներում Ադրբեջանի ԶՈւ ներկայության հանգամանքը լուրջ վտանգ է հանդիսանում, քանի որ վերոնշյալ տարածքներից է ձևավորվում ոռոգման և խմելու ջրի համակարգերը:

«Մենք իրականացնում ենք փաստահավաք աշխատանք թե՛ Սյունիքում, թե՛ Գեղարքունիքում, ընդ որում՝ ես նորություն չեմ հրապարակել ջրամբարների հետ կապված, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո են: Օրինակ՝ Սև լճի տարածքը գտնվում է իրենց վերահսկողության ներքո և դա շատ լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ այդտեղից են ձևավորվում ոռոգման և ջրի համակարգը մեկ տասնյակ համայնքների համար, իսկ Գեղարքունիքի հետ կապված, երբ այցելել էի Վերին Շորժայի հատվածներ և այլ գյուղական բնակավայրեր, այնտեղ էլ նշեցին քաղաքացիները, որ այնտեղ խոշոր ավազան կա, որը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ և սա լուրջ խնդիր է ջրային պաշարների հետ կապված»,- ասաց Թաթոյանը:

Նա ընդգծեց՝ ջրային պաշարների հետ կապված կան շատ լուրջ խնդիրներ, մարդու իրավունքների անվտանգությունը վտանգված է :

«Երկու իրավիճակ ունենք. առաջին՝ Ադրբեջանի զինվորականները ֆիզիկապես ներկա են մեր կոնկրետ տարածքներում, երկրորդ՝ նրանք նշանառության տակ են պահում իրենց դիտարկման ներքո գտնվող վայրերը: Շատ վատ է, որ մարդու իրավունքների կոմպոնենտը համարժեք ուշադրություն չունի: Դելիմիտացիայի ու դեմարկացիայի պայմաններում իրավունք չունենք ամբողջը տանել, մտցնել քաղաքական, ռազմական կոմպոնենտների մեջ: Մենք մոռանում ենք, որ այնտեղ մարդիկ կան»,- նշեց ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը նշեց, որ ադրբեջանական ուժերի ներկայությունը ինքնին Եվրոպական կոնվեցիայով նախատեսված կոնկրետ հոդվածների խախտում է, առաջնահերթ՝ կյանքի իրավունքի խախտում:

«Բոլոր կոմպոնենտները հաշվի առնելով՝ հրապարակումներ եմ անում, որ նրանք սպառնում են մեր հովիվներին, երբ մի փոքր մոտենում են, սկսում են զենքի ցուցադրումով սպառնալ, գորգոռալ, հայհոյել: Բնակչության իրավունքները խախտված են, ինչքան էլ տանենք ու մտցնենք անվտանգային, ռազմական, քաղաքական հարցերի դաշտ, միևնույն է, մարդը իր ճակատագրով տնից զրկված, հողատարածքից զրկված այնտեղ է և ստացվում է, որ ճիշտ խնդիրը չի լուծվում, միջազգային կառույցներին իրավիճակը ճիշտ չի ներկայացվում»,- ասաց Արման Թաթոյանը:

Հայաստանում Ադրբեջանի ԶՈւ ներկայությամբ պայմանավորված, ջրային պաշարների լուրջ խնդիր կա. Արման Թաթոյան (տեսանյութ)