Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվելու են. Պետքարտուղարության խոսնակ

03:35 • 04.06.21

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Վիեննայում շարունակվելու են, ТАСС-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Բանակցությունների տեսանկյունից մենք ո՛չ լավատես ենք, ո՛չ էլ՝ հոռետես, հստակ գիտենք մեր առջև դրված խնդիրը՝ այնպես անել, որ Իրանը կրկին պահպանի մոնիթորինգի և ստուգումների ընթացակարգն ու հնարավորությունները: Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մելլին Վաշինգտոն է վերադառնում: Բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվել է, միշտ ենք ասել, որ դրանք, ենթադրաբար, մի քանի փուլ են ունենալու: Մենք ակնկալում ենք, որ կլինի նաև վեցերորդ փուլը, որին այլ փուլեր ևս կհաջորդեն: Փաստն այն է, որ գործընթաց կա: Վերջին փուլում հաջողվել է ձևակերպել այն հավանական տարբերակներն ու գործողությունները, որոնք պետք է կատարի Իրանը միջուկային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունների կատարմանը վերադառնալու նպատակով»,- ասել է Փրայսը:

Հարցին, թե ինչ խնդիրներ դեռևս չեն քննարկվել Վիեննայում ընթացող բանակցություններում, Փրայսն ասել է, որ բանակցությունների հիմքում ընկած է 2015 թ-ին ընդունված միջուկային համաձայնագրի տեքստը, որի հիման վրա էլ քննարկվում են տարբերակները, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրների լուծումներն առկա են:

 

Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվելու են. Պետքարտուղարության խոսնակ