«Չգիտեմ՝ արդյո՞ք ես և Թրամփը Կապիտոլիումի վրա ամբոխի հարձակման հարցում երբևէ համակարծիք կլինենք». Մայք Փենս

09:56 • 04.06.21

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ վստահ չէ, որ ինքը և երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երբևէ համակարծիք կլինեն այն հարցում, ինչ տեղի է ունեցել հունվարի 6-ին, երբ Թրամփի կողմնակիցների ամբոխը ներխուժել էր Կապիտոլիում`փորձելով  խափանել նախագահական ընտրությունների արդյունքների վավերացման գործընթացը, գրում է msn.com-ը:

«Հունվարի 6-ը մութ օր էր Միացյալ Նահանգների Կապիտոլիումի պատմության մեջ: Բայց Կապիտոլիումի ոստիկանության և դաշնային իրավապահ մարմինների արագ գործողությունների շնորհիվ բռնությունը ճնշվել է: Կապիտոլիումը պաշտպանվել էր»,- ասել է Փենսը:

Բացի այդ, նախկին պաշտոնյան հավելել է՝ նույն օրն իրենք Կոնգրեսի նիստ են գումարել և կատարել են իրենց պարտականությունը՝ Միացյալ Նահանգների սահմանադրության և օրենքների համաձայն:

«Գիտեք, նախագահ Թրամփը և ես բազմիցս խոսել ենք պաշտոնաթող լինելուց ի վեր: Եվ ես չգիտեմ, թե  արդյոք մենք այդ օրվա առնչությամբ երբևէ համակարծիք կլինենք»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում կայացած ցույցից հետո գրոհել էին Կապիտոլիումը, որի պատճառով մի քանի ժամ շարունակ ընդհատվել էր Կոնգրեսի աշխատանքը: Անկարգությունների հետևանքով զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան:

Իրավապահ մարմինները խռովարարներին հեռացրել էին Կոնգրեսի շենքից, որից հետո կոնգրեսականները հաստատել էին դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի էր ենթարկել Թրամփին՝ ապստամբություն հրահրելու մեղադրանքով, բայց Սենատը արդարացրել էր նախկին պաշտոնյային:

 

 

«Չգիտեմ՝ արդյո՞ք ես և Թրամփը Կապիտոլիումի վրա ամբոխի հարձակման հարցում երբևէ համակարծիք կլինենք». Մայք Փենս