Իրանական անօդաչուները հարվածներ են հասցրել Իրաքում ամերիկացի զինվորականների ռազմաբազաներին. NYT

09:24 • 05.06.21

Իրանի կողմից վերահսկվող ուժերը վերջին ամիսներին մի քանի անգամ մարտական անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված ռազմաբազաների, այդ թվում՝ ամերիկացի զինվորականների բազաների վրա, իր աղբյուրներին հղումով գրում է New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ հարվածներից հետո անօդաչուների բեկորները մասամբ վերականգնվել են և վերլուծությունը ցույց է տվել՝ դրանք արտադրվել են Իրանում կամ Իրանի տրամադրած տեխնոլոգիաների միջոցով։

Նշվում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերով ապրիլի 14-ին հարձակում է իրականացվել Էրբիլ քաղաքում գտնվող օդանավակայանի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օդանավաշենքը (անգար), ինչպես նաև մայիսի 8-ին հարձակում է իրականացվել Իրաքի Անբար նահանգում գտնվող «Այն ալ-Ասադ» ավիաբազայի, իսկ ավելի ուշ նաև Էրբիլի հյուսիսում գտնվող և ԱՄՆ-ի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից օգտագործվող ավիաբազայի վրա։

Իրաքի խորհրդարանը 2020 թվականի հունվարի 5-ին ձայների մեծամասնությամբ քվեարկել է երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին, ինչպես նաև հանդես է եկել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցության ձևաչափի վերանայման օգտին: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան ԱՄՆ-ի գործողության, որի արդյունքում 2020-ի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին։

 

Իրանական անօդաչուները հարվածներ են հասցրել Իրաքում ամերիկացի զինվորականների ռազմաբազաներին. NYT