Մեկ ամիս «կորած» համարվող Կիմ Չեն Ընը հայտնվել է հանրության առաջ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ղեկավար Կիմ Չեն Ընը 1 ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ, հաղորդում է Japan Times-ը՝ նշելով, որ նա նախագահել է աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի առաջին նիստը։
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Կիմ Չեն Ընը «վերլուծել է գործերի ընթացիկ վիճակը և ընդգծել, որ կենտրոնական կոմիտեի լիագումար նիստն անհրաժեշտ է գումարել հունիսի առաջին տասնօրյակում՝ ճշգրիտ արդյունքների ամփոփման և զարգացման ուղղությունների հստակեցման համար»:
Կիմ Չեն Ընը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է բարձրացնել կուսակցության ղեկավար դերը և խրախուսել տնտեսության և մարդկանց կյանքի կայունացման և բարելավման համար «համառ պայքարը»:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին, որ մայիսի 7-ից ի վեր Կիմ Չեն Ընը հանրության առաջ չի հայտնվել։










