«Չափազանց հետաքրքիր գաղափար է»․ Թրամփին հետաքրքրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու գաղափարը

09:53 • 05.06.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում իր թեկնածությունը «հետաքրքիր գաղափար է», հաղորդում է The Hill-ը։

Ինչպես նշում է պարբերականը, ռադիոհաղորդման ընթացքում հաղորդավար Ուեյն Էլին Ռութայդը Սպիտակ տան նախկին ղեկավարին հարցրել է՝ ինչպես է վերաբերվում իր նախկին օգնական Սթիվ Բենոնի՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում առաջադրվելու մասին գաղափարին։

«Գիտեք, դա չափազանց հետաքրքիր գաղափար է»,- արձագանքել է Թրամփը։

Ընդ որում, նախկին նախագահը նշել է, որ ոմանք ենթադրում էին՝ իր թեկնածությունը ցանկանում է առաջադրել Կոնգրեսի մյուս պալատում՝ Սենատում։

«Բայց սա, գուցե, ավելի լավ միտք է»,- նշել է Թրամփը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու համար Թրամփը պետք է ոչ միայն հաղթի այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվում է, այլև ստանա կոնգրեսականների մեծամասնության աջակցությունը, այսինքն՝ պալատում հանրապետականների ներկայացուցիչների թիվը պետք է գերազանցի դեմոկրատների թվին: 2018 թվականի ընտրությունների արդյունքում հանրապետականները Ներկայացուցիչների պալատում կորցրել են մեծամասնությունը։ Նենսի Փելոսին Ներկայացուցիչների պալատի խոսնակ է դարձել 2019 թվականին:

 

 

«Չափազանց հետաքրքիր գաղափար է»․ Թրամփին հետաքրքրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու գաղափարը