Apple-ի աշխատակիցները ղեկավարությունից պահանջում են թույլ տալ շարունակել տնից աշխատելը
Apple ընկերության աշխատակիցները, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով տևական ժամանակ աշխատում են հեռավար ռեժիմով, բողոքել են տնօրենության որոշման դեմ, որի համաձայն՝ սեպտեմբերից շաբաթը 3 օր պետք է աշխատեն գրասենյակից, հայտնում է The Verge-ը և հավելում, որ աշխատակիցները ճկուն մոտեցում են ցանկանում, որի համաձայն՝ նրանք, ովքեր ցանկանում են շարունակել հեռակա աշխատել, կարող են անել դա։
Ընկերության աշխատակիցները նշել են, որ քաղաքականության մեջ ճկունության բացակայության պատճառով նրանցից շատերը ստիպված են ընտրություն կատարել ընտանիքի, բարեկեցության և աշխատանքի միջև։
Նամակը, որը ուղղված է տնօրեն Թիմ Քուքին, գրվել է 80 անձի կողմից և հանձնվել աշխատակիցներին՝ ստորագրահավաքի համար։
Հիշեցնենք, որ ընկերությունը, ինչպես բազմաթիվ այլ ընկերություններ, կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված, անցել էր հեռակա աշխատանքային ռեժիմի։ Ի տարբերություն Apple ընկերության, Facebook և Twitter ընկերություններն իրենց աշխատակիցներին հնարավորություն են տվել նույնիսկ կորոնավիրուսային վարակի ավարտից հետո շարունակել տնից աշխատել։










