Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ անվտանգ, հզոր երկիր. քննարկում՝ Հայաստանի ներկա իրավիճակի մասին (տեսանյութ)
Այսօր Քաղաքացիական խորհրդի անդամները «Genesis Արմենիա» կազմակերպության հետ միասին նախաձեռնել են կլոր սեղան-քննարկում, որը նպատակ ունի վեր հանել հիմնական մտահոգությունները, սպառնալիքները: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Նախաձեռնության սկզբում «Genesis Արմենիա» կազմակերպության ղեկավար Աբրահամ Գասպարյանը ներկայացրեց քննարկման ձևաչափը:
«Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ անվտանգ և հզոր երկիր և փորձել ուղղել մեր ողնաշարը՝ հնարավորինս քիչ կորուստներով: Բոլորս ունենք տարաձայնություններ, բայց սա այն հարթակն է, որտեղ բոլորս պետք է փորձենք ընդհանուր եզրեր գտնել իրար հետ, քանի որ կյանքը շարունակվում է և յուրաքանչյուր օր հապաղելը նշանակում է մսխել հայկական պետության դիվանագիտական, անվտանգային, ռազմական, քաղաքական իմունիտետը»,- ասաց Աբրահամ Գասպարյանը:
Կլոր սեղանի ընթացքում օրակարգային երկու հարց է քննարկվել․ ինչպես կանխել իշխանությունների վերարտադրությունը և ապագա Հայաստանի և Արցախի կառուցման գործում իրենց մասնակցությունը բերելու հավակնություն ունեցող ուժերի հետ համատեղ սկզբունքային մոտեցումների և չափորոշիչների հստակեցումը:
Քննարկման ընթացքում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկելուց բացի, նաև ներկայացրեցին գործողություններ՝ իրավիճակի շտկման հետ կապված: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ընդգծեց՝ հիմա հասարակությունը աննկարագրելիորեն բևեռացված է և պառակտված:
«Քաղաքական դաշտը չկայացած է, եկեք ընդունենք՝ 26 ուժեր կան, որոնք մասնակցում են ընտրություններին: Բոլորիս մտքի մեջ կա հզոր երկիր կառուցելու տեսլականը, բայց առանց հզոր հասարակության մենք չենք կարող խոսել հզոր երկրի մասին»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ պետք է վերականգնել իրավիճակը, բայց ոչ իրար փնովել:
«Գոնե այն հարցում, որ մենք գտել ենք, ճանաչել ենք, թե մեզ խանգարողն ով է, ինչն է, և այս հարցում մենք պետք է միաբան լինենք և առաջարկներով խնդիր լուծել: Չենք կարող թույլ տալ, որ ինչպես երեկ Արարատի մարզում էր լինի այդպիսի աղետ, ես ուզում եմ այդ մարդկանց հարցնել, որ դուք կարուստ չունե՞ք, ուրիշի զավա՞կն է զոհվել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
ՀՀ ԱԺ 6 գումարումների պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը անդրադարձավ Երևանում երեկ անցկացված գինու փառատոնին:
«Մենք խայտառակ պարտություն ենք կրել, բայց Երևանում կազմակերպվում է գինու փառատոն ու հայ երիտասարդները այդ գինու տոնն են ըմբոշխնում, սա հիվանդ ժողովրդի դրսևորում է, որ 10-15 տարիների ընթացքում կաթիլ-կաթիլ ներարկեցին մեր ժողովրդի մեջ»,- նշեց Գագիկ Մինասյանը:










