«Սև բորբոսից» առաջին մահն է գրանցվել Նեպալում. հիվանդության զոհն է դարձել 65-ամյա տղամարդ

10:05 • 05.06.21

Նեպալում մուկորմիկոզի, կամ ինչպես առավել հայտնի է՝ «սև բորբոսի» առաջին զոհն է դարձել 65-ամյա մի տղամարդ, հայտնում է korrespondent.net-ը՝ երկրի առողջապահության նախարարության խոսնակին հղումով:

«Տղամարդը մահացել է հունիսի 3-ին: Քթարտադրությունից վերցված նմուշի թեստը ցույց է տվել սնկային գիֆեր, իսկ քթի և շրթունքների բիոպսիան՝ մուկոր»,- հայտնել են նախարարությունից:  

Ըստ նախարարության խոսնակի՝ երկրի արևմուտքում բնակվող տղամարդուն հոսպիտալացրել են վերակենդանացման բաժանմունք: Ի դեպ, նշվում է, որ մահացածը վարակված չի եղել կորոնավիրուսով:

Այժմ Նեպալում կա մուկորմիկոզի առնվազն 10 դեպք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեքսիկայում շաքարախտ ունեցող 34-ամյա Գրեգորիո Ավենդանյոյի մոտ կորոնավիրուսային վարակից հետո հայտնաբերվել է մուկորմիկոզ, որն այլ կերպ անվանվում է «սև բորբոս»:

Մուկորմիկոզը, կամ «սև բորբոսը» սնկային վարակի հետևանքով առաջացած բարդությունն է: Այն առավել տարածված է Հնդկաստանում և վտանգավոր է հատկապես շաքարային դիաբետ ունեցողների համար: Վերջերս Հնդկաստանում և Իրաքում գրանցվել են հիվանդությունից մահվան դեպքեր:

 

«Սև բորբոսից» առաջին մահն է գրանցվել Նեպալում. հիվանդության զոհն է դարձել 65-ամյա տղամարդ