Մինչև նոյեմբերի 9-ը հպարտ էի, հիմա դատարկ եմ. զոհված Վարդգես Մանուկյանի քույր (տեսանյութ)
Արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ զոհված Վարդգես Մանուկյանը ռազմաճակատ էր մեկնել կամավորական սկզբունքներով՝ սեպտեմբերի 28–ին։ Դիպուկահար էր։ Քույրը՝ Լիլիթ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում պատմում է եղբոր անձնուրաց կռվի, պատերազմից հետո հպարտության ու դատարկության մասին։
«Եղբայրս կռվել է այնպիսի դիրքում, որը դեմ–դիմաց է եղել թշնամուն։ Այս պատերազմի ընթացքում ոչ բոլորին է բախտ վիճակվել դեմ առ դեմ տեսնել ու սպանել թշնամուն։ Եղբայրս մի քանի թուրք է սպանել ու ես հպարտ եմ դրանով։ Եղբորս կրակել են։ Փամփուշտը ծակել է լյարդն ու Վարդգեսն արնաքամ է եղել։ Մահը տևել է 10–ից 12 րոպե։ Ապրելու շանս չի ունեցել։ Մինչև նոյեմբերի 8–ը հպարտ էի, որ հերոսի քույր եմ, հիմա դատարկ եմ։ Եթե Վարդգեսը ողջ մնար, կխելագարվեր, վստահ եմ», – պատմում է Վարդգես Մանուկյանի քույրը՝ Լիլիթ Մանուկյանը։
Վարդգես Մանուկյանը զոհվել է հոկտեմբերի 4–ին։










