Էդգարը հաշմանդամություն ուներ, բայց բանակ տարան. համակերպվել չի լինում, կարոտը խորանում ու ծանրանում է․ մայրը՝ Արցախում նահատակված 18-ամյա Էդգար Աղաբաբյանի մասին

13:11 • 06.06.21

Էդգարի հայրենասիրությանը սահման չկար, պապիկի իրական հետևորդն էր, պապիկի մեդալները վերցնում էր, դնում իր վրա ու ասում, որ երբեք մեդալները պիտի տանից դուրս չգան, որովհետև կարևոր են: Հիմա ես եմ նստել ու նրա մեդալները հավաքում: 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող 18-ամյա Էդգար Աղաբաբյանի մայրը՝ Շուշանիկ Աղաբաբյանը, պատմում է Tert.am-ի զրույցում։ 

Մայրը պատմում է, որ Էդգարը տարբերվում էր իր խղճի զգացումով, հանգիստ բնավորությամբ ու բարությամբ, չէր ընդունում, երբ մարդկանց շահագործում էին: Էդգարի ընկերները ևս Էդգարին շատ հատուկ էին վերաբերվում:

«Արդարության համար էր պայքարում, ուզում էր, որ մարդիկ էլ իր նման արդար ու խղճով լինեն: Երբ տեսնում էր, որ ինչ-որ կենդանու էին խփում, վերցնում ու բերում էր տուն, բանակից առաջ էլ շուն բերեց, երբ զանգում էր, միշտ հարցնում էր, թե ոնց է շունը»,- պատմում է մայրը:

Էդգարը տիկին Շուշանիկի միակ որդին էր, պատերազմի սկսվելու ժամանակ երկու ամսվա ծառայող էր: Տղան մեքենաների վերանորոգմամբ էր հետաքրքրված, նպատակ ուներ, որ երբ վերադառնա, պիտի իր սեփական վերանորոգման կետը հիմնի, երազանքները կիսատ մնացին, իսկ նա մինչև բանակ գնալն արդեն, ինչպես մայրն է ասում՝ գրեթե վարպետ էր դարձել:

Մայրն արցունքները չի զսպում, երբ ամեն անգամ խոսում է Էդգարի մասին: «Տղայիս նկարները տեսնելիս չեմ դիմանում, քանի ամիս է՝ չեմ գտնում ինձ, կարոտում եմ: Ոչինչ հաշվի չառնելով՝ բանակ տարան, հաշմանդամություն ուներ: Խնդրում էի ՊՆ-ին, որ գոնե մոտ տեղ ծառայի, ասում էին՝ չկա նման օրենք ու պիտի պարզապես վիճակ հանելով որոշվի, թե որտեղ է ծառայելու: Հուլիսին բանակ են տարել, մոտ 40 օր կարանտինի մեջ է եղել Ասկերանում:  Էդգարը ողնաշարի ու ոտքերի խնդիր ուներ, ոտքերի խնդիրը պարզվեց այն ժամանակ, երբ մինչև բանակ ստուգումներ էր անցնում: Հարցրին՝ կարո՞ղ ես ծառայել, ասաց՝ հա, ոչ հաստատ չէր ասի ու էդպես էլ տարան, բայց նա իսկապես չպիտի ծառայեր: Երբ հարցնում էի՝ շարային անում ես, ասում էր՝ անպայման»,– պատմում է մայրը:

Հերոսը երբեք ծառայությունից չէր բողոքում, ասում էր՝ ամեն ինչ լավ է, առողջական խնդիրները, եթե անգամ գլուխ էին բարձրացնում, մայրիկին չէր բողոքում: «Մենք անգամ Էդգարի երդման արարողությանը չենք մասնակցել: Սեպտեմբերի 15-ին զանգեց, ասաց, որ զենք են տվել, իսկ զենքը նրա թուլությունն էր, հատուկ սիրով էր զենք բռնում, ընկերների հետ որսի գնում, բայց երբեք կենդանիների վրա չէր կրակում: Ասացի՝ զգույշ կլինես, Էդգար, ասաց՝ հա, մամ, անպայման: Դրանից հետո սեպտեմբերի 26-ին զանգեց, ասաց, որ երկու նկար է ուղարկել  ինձ, խնդրեց, որ ընկերներին ուղարկեմ: Ես պատերազմի մասին անգամ չգիտեի, չէի հետևում, շորեր էի առել, որ որդուս ուղարկեմ: Սեպտեմբերի 28-ին զանգեց, ասաց՝ մամ, աղոթում եմ քեզ համար, ասաց, որ դիրքեր են տանում, զարմացել էի, թե նորակոչիկներին ինչի պիտի դիրքեր տանեն: Գնացի հարևանիցս մի քանի հարց ճշտելու, տեսա, որ լացում են, որովհետև նրա տղան ևս ծառայում էր, ասաց՝ պատերազմ է, զարմացել էի, թե ինչ պատերազմ»:

Մայրը որդուց զանգ է ստացել նաև սեպտեմբերի 30-ին, որը վերջինն է եղել, ասել է, որ ապահով է ու անհանգստանալու կարիք չկա, եթե հարմար լինի՝ ինքը կզանգի:

Հերոսն ընկել է հոկտեմբերի 3-ին: «Ինձ չէին ասում, որ զոհվել է, ասում էին, թե վիրավոր է, խնայում էին ինձ, որովհետև առողջական խնդիրներ ունեմ: Ասում են, որ օդանավի մեջ է զոհվել: Համակերպվել չի լինում, գնալով կարոտը խորանում ու ծանրանում է, կարոտում եմ ամեն շարժումին, ձայնի տոնայնությանը, ամեն բառին, երբ մտնում էր տուն ու կանչում՝ մամ ջան»: 

Մայրը որդու երդման արարողության նկարներն անգամ չունի, խնդրել է, որ գոնե գտնեն, բայց չի էլ հասկացել, թե ում է անհրաժեշտ դիմել, որովհետև Էդգարն իրեն հատուկ փակ բնավորությամբ ոչ մի մանրամասներ չի ասել իր ծառայության մասին, չի ասել, թե ով է հրամանատարը, թե ովքեր են իր հետ ծառայում:

«Ասում են՝ հրետանակոծվել է Ասկերանի այն զորամասը, որտեղ երդում է տվել: Ոչինչ չգիտեմ, ոչինչ չեն ասում, հստակ չգիտեմ անգամ, թե որտեղ է զոհվել Էդգարը: Էդգարի զոհվելուց հետո ինձ նրա ընկերը գրեց, հետաքրքրվեցի, թե ինչ վիճակում են, հրամանատարը կա, թե չէ, ասաց, որ կա, բայց այստեղ ինձ խաբում էին: Էդգարի զոհվելու տեղանքի մասին նա էլ չգիտեր, ասաց, որ 26 հոգով դիրքեր են բարձրացել, բայց 6-ով են իջել: Ավելի ուշ մի աղջիկ զանգեց ինձ, ասաց, որ լրատվամիջոցներում նկարն էր տեսել Էդգարի, ասաց, որ 10 օր Էդգարի հետ Եղնիկներում է եղել, նա ևս վիրավոր է, սպասում եմ, որ ինքը գա, պատմի Էդգարից»,-պատմում է մայրը:

Էդգարը հուղարկավորված է Եռաբլուրում, տապանաքարը բարերարների օգնությամբ է կառուցվել, մայրն ասում է, որ այս ամբողջ ընթացքում նրան բարերարներն են օգնում, իսկ պետության կողմից դեռ որևէ աջակցություն չի տրամադրվել: Տիկին Շուշանիկը պատմում է, որ ինքը ևս հաշմանդամություն ունի, որի համար էլ նպաստ էր ստանում, սակայն հիմա նպաստից զրկել են, որովհետև պիտի զոհված որդու հատուցման գումարը ստանա:

Էդգարը հաշմանդամություն ուներ, բայց բանակ տարան. համակերպվել չի լինում, կարոտը խորանում ու ծանրանում է․ մայրը՝ Արցախում նահատակված 18-ամյա Էդգար Աղաբաբյանի մասին