Քաղաքական հայացքների համար պարտադրեցին, որ հրաժարվեմ դպրոցի տնօրենի կարգավիճակից, հիմա էլ ուզում են զրկել դասավանդելու իրավունքից․ Զորակ գյուղի դպրոցի ուսուցիչ
Իմ քաղաքական հայաքներով պայմանավորված՝ դրդեցին, որ դիմում գրեմ, հրաժարավեմ դպրոցի տնօրենի կարգավիճակից, իսկ այժմ էլ փորձում են այնպես անել, որ այլևս դպրոցում չդասավանդեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Զորակ գյուղի՝ Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի արդեն նախկին տնօրեն, կենսաբանության ուսուցիչ Տիգրան Բաբախանյանը։
«Ինձ ասում են, որ պետք է դպրոցից դուրս գամ, ասել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի անունից, խոսքը Արթուր Մկրտչյանի մասին է, այդ մասին ասել են մարզի համայնքապետերից մեկի միջոցով, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով։ Տարբեր մարդկանց միջոցով ասում են՝ պետք է դուրս գաս, թե չէ դատելու ենք քեզ՝ դպրոցի տնօրեն ես եղել։ Ինչ անում են, թող անեն, ես պատրաստ եմ, որևէ մեկը իրավասու չէ ինձ մանկավարժությունից զրկել, և ես պատրաստ եմ պայքարելու դատական կարգով: Երեկ էլ կրկին միջնորդավորված ասում էին, որ հունիսի 20-ից հետո կտեսնեմ՝ ինչ կլինի»,- ասաց նա։
Տիգրան Բաբախանյանն ասաց, որ շուրջ 20 տարվա մանկավարժ է, 1999-2001 թթ. աշխատել է Արցախում՝ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում, ապա՝ Արարատի մարզի Այնթափ գյուղում, իսկ 2011թ-ից Զորակի միջնակարգ դպրոցի տնօրենն էր։
«Մինչև այս տարվա ապրիլի 20-ը եղել եմ դպրոցի տնօրենը, այնուհետև մարզպետի որոշմամբ այլևս տնօրեն չեմ, այնպես արեցին, որ դիմում գրեմ և դուրս գամ։ Ապրիլի 15-ի կողմերը, երբ Աժ-ում հարցուպատասխան էր, ես իմ դիրքորշման մասին գրառում էի արել, հաջորդ օրը կանչեցին և ասացին, որ հրաանգ է իջեցված, և դու պետք է ազատվես աշխատանքից, կա՛մ դիմում ես գրում, կա՛մ ստուգումներ ենք իրականացնում, նկատողություններ ենք տալիս և այլն, չցանկացա քաշքշուկի մեջ ընկնել, նպատակահարմար գտա դիմում գրել, որպեսզի ավելի ազատ կարողանամ իմ դիրքորոշումը ներկայացնել և պայքարել հայրենիքի համար, բայց մի քանի օր անց, երբ շարունակեցի իմ գրառումները կառավարության ապիկար աշխատանքի վերաբերյալ, փորձում են պարտադրել, որ որպես ուսուցիչ դուրս գամ»,- ասաց նա։
Մանկավարժն ընդգծեց, որ այժմ արդեն ինքը պատրաստ է դատական կարգով հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանությանը՝ որևէ իրավական հիմք չկա իրեն ազատելու համար։
«Այնպես չէ, որ միայն իմ նկատմամբ է այս ամենը արվում. բոլոր տնօրեններին մանիպուլացնում են, ասում, որ ուսուցիչներին ասեք՝ դպրոցում քաղաքական դիրքորոշում չհայտնեն, գրառումներ չանեն, բայց երբ խոսքը վերաբերում է իշխանություններին, խոսում են։ Ոչ մի օրենք չկա, որով սահմանվի՝ իրավունք չունենք կառավարության աշխատանքի մասին խոսել թե՛ լավը, թե՛ վատը։ Որևէ մեկը չի կարող իրավական ակտ ներկայցնել, որ դպրոցի տնօրենը, ուսուցիչը իրավունք չունեն գրառում անել»,- ասաց նա։
Տիգրան Բաբախանյանն ասաց, որ խնդրի մասին բարձրաձայնում է, որպեսզի բոլոր ուսուցիչներն էլ, տնօրեններն էլ հասկանան, որ չպետք է վախենան, չպետք է տրվեն ճնշումներին։
«Լռելով, անտարբեր մնալով մենք հայրենիք ենք կորցնում, լռելը նշանակում է թուրքի ջրաղացին ջուր լցնել, ապիկար իշխանության տեղ տալ հողը, հայրենիքը վաճառել»,- եզրափակեց նա։










