Եմենի Մարիբ քաղաքում հուսիթների կողմից հրթիռի արձակումից առնվազն 17 մարդ է մահացել

06:24 • 06.06.21

Եմենի Մարիբ քաղաքում «Անսար Ալլահ» շարժմանը հարող հուսիթ-ապստամբների կողմից հրթիռի արձակումից  առնվազն 17 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Al-Hadath հեռուստաալիքին:

Աղբյուրի տեղեկություններով՝ հրթիռի արկն ընկել է քաղաքի ավտոլիցքավորման կետերից մեկի շրջակայքում, դեպքի այլ հանգամանքներ դեռևս չեն հաղորդվում:

Եմենում 2014-ի օգոստոսից շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին աջակցող կառավարական ուժերի և հուսիթների միջև: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Հադիի կողմից մարտեր է վարում 2015 թվականի մարտից: Այնուամենայնիվ, 2018 թվականից երկրի հարավում կառավարական ուժերը բաժանվել են, և այնտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ ստեղծված Անցումային խորհուրդը դուրս է մղել իշխանամետ ուժերին Հարավային Եմենի մայրաքաղաք Ադենից:

Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ Էր-Ռիադում համաձայնագիր ստորագրելով անջատողականները համաձայնվել են հաշտության գալ կառավարության հետ: Ըստ այս համաձայնագրի, անցյալ տարվա վերջին Եմենում ստեղծվել է նոր կառավարություն, որում ընդգրկված են հարավցի նախարարներ:

 

Եմենի Մարիբ քաղաքում հուսիթների կողմից հրթիռի արձակումից առնվազն 17 մարդ է մահացել