Հնդկաստանում 68.5 հազար դոլարով փորձել են «Արտադրված է ԱՄՆ-ում» պիտակով ռադիոակտիվ ուրան վաճառել
Հնդկաստանի Ջարխանդ նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդու, որոնք փորձել են 6 կիլոգրամ ուրան վաճառել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ երկրի արևելքում գտնվող այս նահանգը տարածաշրջանում ուրանով ամենահարուստներից մեկն է։
«Առգրավվել է դեղավուն նյութ, որը կուղարկվի փորձաքննության: Դեռևս պարզ չէ, թե ինչպես են մարդիկ ստանում այս ռադիոակտիվ մետաղը: Ոստիկանության հարցաքննության ժամանակ նրանք ասել են, որ այն ստացել են Արևմտյան Բենգալիայի նահանգում բնակվող ինչ-որ մեկից, սակայն նշել են նաև, որ մետաղը ստացվել է Գիրիդիհ քաղաքից և այլ վայրերից»,- ասել է ոստիկանության տեսուչ Չանդան Կումար Ջան:
Նա նշել է՝ ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել ուրանի ապօրինի վաճառքի մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործները նախատեսել են այն վաճառել 1 կիլոգրամը 5 միլիոն ռուփիով (մոտավորապես 68,5 հազար դոլարով,-խմբ):
Ոստիկանությունից հավելել են, որ քննություն է ընթանում գնորդներին բերման ենթարկելու և գնման նպատակը պարզելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ոստիկանությունից նշել են, որ ուրանի փաթեթավորման վրա դրոշմված է «Արտադրված է ԱՄՆ-ում» գրությունը: Փորձագետները ստիպված կլինեն ստուգել, թե արդյոք պիտակն իրական է, թե հանցագործներն իրենք են որոշել դա գրել։










