«Սպիտակ տունը հանրապետականների ձեռքում կհայտնվի ավելի շուտ, քան կարծում եք»․ Թրամփը սկանդալային հայտարարություններ է արել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն օրերս Հյուսիսային Կարոլինայում Հանրապետական կուսակցության համագումարում վերստին քննադատել է գործող նախագահ Ջո Բայդենին՝ երկիրը «կործանման եզրին հասցնելու, միգրացիոն քաղաքականությունը տապալելու, տնտեսությունը փլուզելու համար»՝ հայտարարելով, որ Սպիտակ տունը «հանրապետականների ձեռքում կհայտնվի ավելի շուտ, քան կարծում են», փոխանցում է Mirror-ը։
Հունվարին պաշտոնաթող լինելուց ի վեր երկրորդ ելույթում Թրամփը հայտարարել է՝ «Բայդենի իշխանության օրոք ԱՄՆ-ն համաշխարհային ասպարեզում շարունակ նվաստանում է»։
Ավելի քան 1 ժամ տևած ելույթում 74-ամյա նախկին նախագահը քննադատել է նաև երկրի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, բժիշկ Էնթոնի Ֆաուչիին՝ նրան անվանելով «ոչ լավ բժիշկ», ինչպես նաև ընդգծել է, որ «Չինաստանը պետք է վճարի Ուհանի ինստիտուտից արտահոսած կորոնավիրուսի համար»։
«Հանցավորությունները վխտում են, ոստիկանական բաժանմունքները մասնատվում են և զրկվում ֆինանսավորումից։ Սահմանը բաց է։ Մի քանի ամիսների ընթացքում անօրինական ներգաղթն աճել է այնպիսի արագ տեմպերով, ինչպիսին չէինք տեսել վերջին տարիներին։ Գազի գներն աճում են, մեր ընկերություններն արտասահմանյան կիբերհարձակումների զոհ են դառնում»,- հայտարարել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը։
Ընդ որում, նա նշել է՝ «ԱՄՆ-ի գոյատևումը կախված է հանրապետականների վերընտրությունից»՝ հայտարարելով. «Սպիտակ տունը հանրապետականների ձեռքում կհայտնվի ավելի շուտ, քան կարծում եք»։










