«Բարեբախտաբար, կարողացանք բռնել». ամերիկացին իրեն հետապնդող ոստիկաններից ազատվելու համար իր 2 ամսական երեխային նետել է նրանց ուղղությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը, որին ոստիկանները հետապնդել են ավտոմեքենայի համար սահմանված արագությունը գերազանցելու համար, իր 2 ամսական երեխային նետել է նրանց ուղղությամբ, գրում է Mirror-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ին՝ Ինդիան Ռիվեր շրջանում։ Տեղի ոստիկանության հաղորդմամբ, երբ Nissan Rouge մակնիշի մեքենան գերազանցել է սահմանված արագությունը, ոստիկանությունը սկսել է հետապնդել վարորդին։
Ոստիկանությունում նշել են, որ չնայած իրենց՝ մեքենան կանգնեցնելու պահանջներին, 32-ամյա Ջոն Հենրի Ջեյմսը հրաժարվել է կանգնել, բախվել է մեկ այլ մեքենայի և, ի վերջո, հատնվելով փակուղիում, դուրս է եկել իր մեքենայից՝ ոստիկանների ուղղությամբ նետելով իր 2 ամսական երեխային։
«Այդ պահին չգիտեի՝ ինչ անել։ Չէի կարող գնալ նրա հետևից, չէի կարող բռնել նրան, նա թեքվել ու ինձ էր նայում․ ոչ մի զղջում, որ 2 մետր հեռավորությունից մեզ վրա էր նետել իր 2 ամսական երեխային։ Բարեբախտաբար, նախքան ընկնելը կարողացանք բռնել նրան»,- ասել է ոստիկանության աշխատակիցը։
Հաղորդվում է, որ Ջոն Հենրի Ջեյմսն այդ դեպքից հետո «երեխաների հետ դաժան վերաբերմունքի, բռնության կիրառմամբ ձերբակալությանը դիմադրելու, փախուստի» և մի շարք այլ մեղադրանքներով ձերբակալվել է։












