Հունաստանը «կորոնավիրուսից ազատ» զբոսաշրջային ուղղություն է առաջարկում (տեսանյութ)
Բրիտանական BBC լրատվականն անդրադարձել է հունական կղզիներում զբոսաշրջությանը վերադառնալու ծրագրերին՝ խոսելով, մասնավորապես, Միլոս կղզին «կորոնավիրուսից ազատ» զբոսաշրջային ուղղության վերածելու ծրագրերի մասին։
«Հունական կղզիները պատրաստվում են այցելուներ ընդունել, և այդ հարցում առաջնահերթություն է տեղացիների պատվաստումը։ Նպատակը կղզիները «կորոնավիրուսից ազատ» զբոսաշրջային ուղղություն դարձնելն է», - ասվում է լրատվականի անդրադարձում։
Միլոս կղզու բնակիչ ջրասուզորդ Յանիսը նշել է, որ իրենք պատվաստված են, հետևաբար՝ վախենալու ոչինչ չունեն։
Ակնկալվում է, որ Միլոսի բնակիչների ու ամռանն այստեղ աշխատողների պատվաստումները կավարտվեն մինչև հունիսի կեսը։
Հայտնի է, որ 2020 թվականին Հունաստանն ընդունել է զբոսաշրջիկների սովորական թվի միայն 25 տոկոսի չափով այցելուներ, ինչի հետևանքով տուժել են ո՛չ միայն ռեստորաններն ու բարերը, այլև ձեռնարկությունները, որոնց սպառումը կախված է զբոսաշրջությունից։ Այդպիսին է Միլոսում պանրի արտադրությունը, որի մեծ մասը սպառվում է ռեստորաններում, բարերում և հյուրանոցներում։










