Չինաստանում թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստել 3-17 տարեկաններին
Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել սեփական արտադրության Sinovac (CoronaVac) հակակորոնավիրուսային պատվաստանյութով երեխաների և դեռահասների պատվաստմանը, գրում է Global Times-ը:
Նշվում է՝ այսուհետ Sinovac Biotech ընկերության արտադրած և COVID-19-ի դեմ նախատեսված պատվաստանյութը կօգտագործվի 3-17 տարեկան երեխաների պատվաստման համար: Այս մասին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է ընկերության ղեկավար Յին Վեյդունը:
Նրա խոսքով՝ առաջին և երկրորդ փուլերի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութն իմունային պատասխան է առաջացնում 3-17 տարեկան երեխաների մոտ: Ինչ վերաբերում է կողմնակի ազդեցություններին, ապա դրանց մեծ մասը բավականին մեղմ է եղել:
Բացի այդ, նա նշել է, որ անչափահասներն ավելի ցածր առաջնահերթություն ունեն կորոնավիրուսի պատվաստման հարցում՝ համեմատած տարեց մարդկանց հետ, որոնք սովորաբար ավելի ծանր ախտանիշներ են ցույց տալիս COVID-19-ով վարակվելուց հետո:










