Չեխիան Տիխանովսկայային ընդունել է որպես Բելառուսի նախագահ

18:52 • 07.06.21

Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է բելառուսական ընդդիմության առաջնորդ և նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային որպես Բելառուսի նախագահ, Բելառուսի պետության ղեկավար: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով չեխական սենատի խոսնակ Միլոշ Վիստրչիլին, գրում է Московский комсомолец պարբերականը:

Քաղաքական գործչի խոսքով՝ Բելառուսում նախագահական ընտրությունները 2020 թվականի օգոստոսին անցել են անազնիվ, անարդար և անօրինական: «Այն փաստը, որ Սենատը Սվետլանա Տիխանովսկայային Չեխիա է հրավիրել որպես իր հիմնական հյուր, ես ընկալում եմ որպես փաստ, որ Չեխիայի Սենատը և ես անձամբ նրան համարում ենք Բելառուսի նախագահ»,- խոսնակի խոսքերը մեջբերում է գործակալությունը:

2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ ԿԸՀ-ի՝ հավաքելով ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում:


Չեխիան Տիխանովսկայային ընդունել է որպես Բելառուսի նախագահ