Իրաքի նախագահը դատապարտել է Մախմուրի փախստականների ճամբարի վրա Թուրքիայի ավիահարձակումը․ Էրդողանը հայտնել է ՔԱԿ հրամանատարի մահվան մասին

12:24 • 07.06.21

Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը դատապարտել է Թուրքիայի կողմից Մախմուր շրջանում գտնվող փախստականների ճամբարի մոտ իրականացված ավիահարձակումը՝ այն անվանելով «վտանգավոր սրացում», հայտնում է տեղական NRT լրատվականը։

«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ պայքարի անվան տակ թուրքական օդային և ցամաքային գործողությունների շրջանակում անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է 3 խաղաղ բնակիչ:

Իրաքի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ պետք է վերջ տրվի թուրքական ներխուժումներին, որոնք ապակայունացնում են երկրի անվտանգությունն ու սպառնում քաղաքացիների կյանքին։ Բարհամ Սալիհը նաև նշել է, որ թուրքական հարվածները «վտանգավոր սրացում» են, և հավելել, որ իրաքյան Նայնավա նահանգում տեղակայված թուրքական զորքերը «բարիդրացիության սկզբունքի խախտում են»։

Իրաքի նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ սպանված անձանցից մեկը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հրամանատար էր։

«Մենք թույլ չենք տա, որ դավաճանական և անջատողական կազմակերպությունն օգտագործի Մախմուրը որպես ահաբեկչության «ինկուբացիոն կենտրոն», և կշարունակենք արմատախիլ անել ահաբեկչությունը», - ասել է Էրդողանը։


Իրաքի նախագահը դատապարտել է Մախմուրի փախստականների ճամբարի վրա Թուրքիայի ավիահարձակումը․ Էրդողանը հայտնել է ՔԱԿ հրամանատարի մահվան մասին